Monday, August 8, 2011

Ապրել, ապրել, այնպես ապրել, որ....

Հիմա, երբ ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեմ ապրելու, հետաքրքրությունս կորցրել եմ համարյա ամեն ինչի նկատմամբ, դարձել եմ ավելի բռնկվող ու նեղացկոտ, նույնիսկ անընդհատ կռվում եմ եղբորս հետ, որ այն եզակի մարդկանցից է, ում հետ հարաբերությունս երբեք չէր սրվել։ Մի խոսքով՝ ազդում եմ բոլորի նյարդերի վրա, կարծես թե նրանք պարտավոր են ամեն ինչ իմ ուզածով անել... Երբ հանգստանում եմ, հասկանում եմ, որ սխալ եմ, բայց ինձ ուղղել չեմ կարողանում։ Ընդհակառակը, ամեն ինչ ավելի եմ բարդացնում։ Առաջ եթե ամեն ինչ ներս էի գցում ու մեջից ինքս ինձ կրծում, հիմա արտահայտվում եմ ու բարկությունս թափում դիմացինի վրա։ Ու դրանից ավելի եմ գարշում ինքս ինձնից։
Հեռացել եմ բոլոր ընկերներիցս (ասեմ, որ նրանք այնքան էլ շատ չէին), փորձում եմ նրանց չհիշել։ Նույնիսկ եթե հիշում  եմ, աշխատում եմ որևէ կերպ չկապվել նրանց։ Ու գործս գլուխ գալիս է, քանի որ նրանք էլ ինձ չեն հիշում ու բանից անտեղյակ են։ Ամենքն իր գործերով է, Աստված իրենց հետ։ Սիրում եմ բոլորին. մեկին մի քիչ շատ, մյուսին՝ մի քիչ քիչ։ Ինչևիցե։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մորս հորդորներին կուլ գնալով՝ գնացի բժշկի։ Հիսուն անգամ ասացի, որ ստուգվելու կգնամ մի պայմանով՝ որ բժիշկը հայ չլինի։ Ինձ խոստացան, որ հենց այդպես էլ կլինի, բայց արդյունքում հայտնվեցի հայ բժշկի մոտ։ Ինձ մնում էր կամ դուրս փախչել ընդունարանից, դուռն ուժեղ փակելով ու ինձ ուղեկցող մորս խայտառակ անելով, կամ էլ խաբկանքը կուլ տալով նստել ու աչքերով մորս ցավ պատճառելով սպասել մինչև բժիշկը կանչեր։ Շատ չերկարացնեմ։ Պարզվեց՝ հիվանդ եմ։ Էն էլ ի՜նչ հիվանդ։ Այնքան բարի եմ գտնվել, որ կյանք եմ պարգևել մի (մի՞) չարորակ քաղցկեղի, որի շնորհիվ էլ շուտով միասին հրաժեշտ ենք տալու կյանքին։
Լուրը հաղորդելուց առաջ հազար ու մի բան էր անցնում մտքովս։ Միշտ էլ այդպես է եղել։ Նույնսիկ եթե գնում էի արյան անալիզի, ահ ու վախով սպասում էի, որ կասեն՝ սպիդով եմ վարակված ( թե ասա՝ սպիդն ուր, դու ուր)։ Դրա համար զզվում եմ բժշկի գնալուց ու չէի գնում, որի պատճառով էլ էս օրն ընկա։ Երբ բժիշկը, որի դեմքի արտահայտությունն ինձ ոչինչ չէր հուշում, ասաց, թե ինչն ինչոց է, միանգամից բացականչեցի՝ ես գիտեի ու սկսեցի ծիծաղել, կարծես ուրախ էի, որ  մտքովս անցած հազար ու մի բաներից մեկը վերջապես ճիշտ դուրս եկավ։ Բժշկի դեմքի ընդունած լուրջ արտահայտությունը չփոխվեց, ես էլ ուշքի եկա ու փորձեցի լրջանալ. զգացի, որ հավանաբար գժի տպավորություն էի թողնում, բայց այնուամենայնիվ փորձեցի ժպտալ, որ չկարծեր, թե վախեցա իր «հիանալի» լուրից։ Մի խոսքով՝ կատարյալ հիմարի դերում էի։
Պարզվեց՝ էդ անտերը ամենավերջին փուլում է, հասցրել է տարածվել։ Վիրահատության օգտակար լինելու շանսերը շատ քիչ են։ Քիմիաճառագայթային թերապիան որոշ չափով կօգնի։ Հրաժարվեցի։
-Եթե ի վերուստ սահմանված ա սենց մեռնել, ուրեմն տենց էլ կմեռնեմ։ Ինձ ոչ ձեր քիմիան կփրկի, ոչ էլ եսիմ ինչը։ Աստծո կամքն էս ա ու վերջ,- ասացի բժշկին։
-Դու ստյուպիդ կլինես, եթե չպայքարես քո առողջության համար։ Կարող ա Աստված քեզ փորձում ա, շանս ա տալիս, թեյք իթ, տես ինչ ա լինում։
-Հը ը,- մի քիչ երկմտելուց հետո հայտնեցի որոշումս,- ավելի լավ ա առանց դրա հետևանքների, քան թե...
-Ես հիմա քեզ չեմ հարցնում, գիտեմ ինչ վիճակում ես, գնա, հետո կգաս ուրիշ բան կասես...
-Չեմ գա...

Վերջնական որոշումս էր։
Ամենինչ տակնուվրա եղավ։ Սկսեցի վախենալ մահից...
Ամեն գիշեր գլուխս բարձին դնելուց երազում եմ առավոտյան չարթնանալ։ Միանգամից հեշտ ու հանգիստ... գնալ։ Սարսափում եմ պատկերացնել, որ աստիճանաբար հյուծվելու եմ, տանջամահ լինեմ, մերոնց էլ հետս տանջեմ։
Ջղայնությունս թաքցնել չեմ կարողանում, երբ մարդիկ տեսնելուն պես ուրախ-զվարթ ասում են՝ ոնց որ թե նիհարել ես, հա՞։ Էդ ի՞նչ ես արել։ Ու նրանց թվում է, թե կոմպլիմենտ են անում։ Ձայն չեմ հանում։
Ամեն օր աչքիս առաջ ապրածս օրերն են գալիս, երբեմն աչքերս լցվում են, բայց ինձ հավաքում եմ։ Չէ՞ որ ես էի միշտ ասում՝ մեռնել եմ ուզում, մեռնել եմ ուզում։ Փաստորեն կատարվում է...
Ու կարևորն այն է, որ  երբ հերթական անգամ հարցնեն՝ բա ի՞նչ ես անելու  ավարտելուց հետո, հստակ պատասխան կունենամ։
Կյանքը լավ բան է, ճիշտ ապրելն՝ առավել ևս։

No comments: