Thursday, October 27, 2011

Գործի տեղը չնկատեցի, թե ժամանակը ոնց անցավ։ Մինչ ուսանողներից մեկի հետ հերթական խնդիրն էինք լուծում, գործընկերս հայտարարեց, որ աշխատանքային ժամն ավարտված է։ Մեխանիկորեն ժամին նայեցի. 7:01 էր։ Խնդիրը կիսատ մնաց…Ներողություն խնդրեցի ու շտապեցի sign out լինել։ Ականջակալներս դրեցի ականջներիս, դեռ երաժշտությունը չէի միացրել, ինչ-որ մեկը միջանցքի մյուս ծայրից բարևեց։ Ա-ն էր. չէի նկատել։
Շենքից դուրս եկա ու խորը շունչ քաշեցի։ Թարմ օդ էի ուզում… Քաղաքի աղտոտված օդով բավարարվեցի։
Մութն ընկել էր։ Փողոցում համարյա մարդ չկար, միայն մեքենաներ, մեքենաներ, մեքենաներ… Առանց շտապելու սկսեցի քայլել դեպի տուն, ու էն փաստը, որ ահագին պարապելու բան ունեի, ինձ բոլորովին չէր անհանգստացնում։ Ճամփի կեսը դեռ չէի անցել, մաման զանգեց։ Ժամին նայեցի, արդեն տուն հասած պիտի լինեի։ Զարմացա, որ էդքան դանդաղ եմ շարժվել։ Մամային հանգստացրի ու նույն տեմպով շարունակեցի ճանապարհս։ Մտածեցի՝ լավ ա, պապան դեռ տանը չի, թե չէ էլի ավտո քշելու քարոզ պիտի կարդար, թե գիշերը վտանգավոր է, առանց քշելու մարդու ոտ ու ձեռք կապ է ընկնում և այլն։ Հետո հիշեցի, որ G-ն ասում էր. «Ընկերներս զարմանում են, թե ոնց եմ LA-ում մինչև հիմա ողջ մնացել։ Կրիմինալ քաղաք է, ամեն օր սպանություն-սպանություն…»։ Հասա մեր շենք, հարևանը դրսում կանգնած էր։ Բարևեցի։ Ակնոցները դրեց աչքերին, նայեց-նայեց ու երևի տեղը չբերեց, թե ով էի։ Երանի միշտ էդպես լիներ։

No comments: