Էսօր դասից հետո մտացրիվ քայլում էի դեպի տուն, մեկ էլ փողոցն անցնելիս՝ մի
մարդ դիմացս կտրեց։ Ես էլ առանց մտածելու, որ կարող է ինչ-որ բան է ուզում
ասել, փորձում էի շրջանցել նրան, բայց ոչ մի կերպ չէր թողում։ Մեկ էլ
հարցրեց՝ վախենու՞մ ես։ Ուշքի եկա։ Գլուխս բարձրացրի, նայեցի երեսին ու
ասացի ՝ չէ՛։ Բայց իրոք վախենալու մարդ էր՝ ահավոր կեղտոտ ու մրոտ, դեմքին՝
խորն ու տգեղ մի սպի…
-Վախենո՛ւմ ես,- էս անգամ հարց չէր…
-Չէ,- ժպտացի անկախ ինձնից։
-Լավ,
ուրեմն խնդրում եմ լսիր ինձ։ Ուզում եմ Նյու Յորք գնալ՝ հարազատներիս մոտ,
ինձ գումար է պետք, թե կարող ես՝ օգնիր, շնորհակալ կլինեմ։
-Ներեցեք,
մոտս կանխիկ գումար չկա,- միանգամից վրա բերեցի ու հանկարծ հիշեցի, որ կա,
ու ավելացրի,- մի վայրկյան, հիմա կստուգեմ։ Մինչ պայուսակիցս գումար էի
հանում, նա ձեռքը տարավ իր մոտի փոքր արկղը։ Էդ պահին մտածեցի՝ ինչ կլինի,
մի հատ ատրճանակ հանի ու խփի ճակատիս, էլի։
Երևի զգաց ու էլի հարցրեց.
-Վախենում ես, չէ՞։ Մի վախեցիր…
Գումարը տվեցի, արկղը բացեց. մեջը շոկոլադե կոնֆետներ էին։
-Վերցրու,- մեկնեց ինձ։
-Չէ, շնորհակալ եմ։
-Վերցրու, խնդրում եմ։
-Շնորհակալ եմ, բայց ես շոկոլադ չեմ սիրում։ Անկեղծ եմ ասում…
Փողը մեկնեց, թե՝ դե ուրեմն հետ վերցրու սա։
Վատ զգացի ու մի շոկոլադ վերցնելով՝ սկսեցի միամտորեն բացատրություն տալ, թե՝ լավ, եղբորս կտամ…
Դեմքին
ժպիտ հայտնվեց, իր կեղտոտ ձեռքով ձեռքս սեղմեց ու շնորհակալություն
հայտնեց։ Հայացքներս խաչվեցին, ձեռքս կամաց քաշեցի ու սկսեցի ճանապարհս
շարունակել։ Հանկարծ գոռաց՝ կանգնի՛ր մի րոպե։
Շրջվեցի։
-Քրիստոնյա՞ ես։
-Հա,- ասացի։
-Ես գիտեի…
Թողեցի ու գնացի…
No comments:
Post a Comment