... այն էր, երբ Հովոն եկավ ու ասաց, որ ամռանը կգնա հայերենի դասերին։
Աշխարհը ոնց որ ինձ տային. ուրախությունից այնպես ուժեղ փաթաթվեցի, որ քթի
տակ մռթմռթաց…
Ուրեմն մի երկու շաբաթ առաջ իմացա, որ մեր համալսարանում
ամռանը ավագ դպրոցականների համար լեզվի հատուկ դասեր են հատկացրել, ու էդ
լեզուների թվում հայերեն էլ կա։ Գրել-կարդալ ու ճիշտ խոսել են սովորեցնում՝
ինչ-որ չափով հայերեն խոսել իմացողներին։ Շատ ուրախացա ու եղբորս
միանգամից հայտարարեցի, որ անպայման պիտի գնա։ Վճարն իմ կողմից, սովորելն՝
իր։ Ոչ մի կերպ չհամաձայնեց։ Ինքն իր էշն էր քշում, ասելով՝ հայերենն
ինչի՞ս ա պետք, ես էլ՝ իմ... էլ ի՞նչ հայ, որ հայերեն անուն-ազգանունդ գրել
չիմանաս։ Մի խոսքով, մի լավ կռվեցինք՝ առանց ընդհանուր հայտարարի գալու,
ու մռութներս կախ ամեն մեկս մեր գործին անցանք։ Սարսափելին այն էր, որ ոչ
մեկն իմ կողմից չէր. ասում էին՝ հա էլի, հայերենն իրա ինչի՞ն ա պետք, ի՞նչն
ա ավելանալու, որ հայերեն սովորի և այլն։ Սիրտս կանգնում էր…
Ինչևէ,
կարևորը՝ այդ ամենը հիմա անցյալում է, ու ինքն էլ շատ ոգևորված է (Հատուկ
նպատակ ունի, բայց չեմ ուզում գրել էստեղ)։ Հուսով եմ՝ էլ ավելի կոգևորվի,
երբ դասերն սկսվեն ու տեսնի, թե ինչ է բաց թողել։
Հայաստանում
Հովոյի այբենարանի հանդեսն եղավ, ու մի շաբաթ անց մերոնք թռան ԱՄՆ։ Երբ
չորս ամիս անց ես էլ եկա, ինչ-որ պատվաստումների էինք գնացել (դպրոց
ընդունվելու համար պետք էր), Հովոն էլ էր մեր հետ (6 տարեկան)։ Տեղի
բուժքույրը հարցրեց՝ գրել գիտի՞, նա էլ իրենից վստահ ասաց՝ հա։ Էդ քույրը
թուղթ ու գրիչ բերեց ու խնդրեց, որ Հովոն իր անունը գրեր մեր լեզվով։ Հովո
դու Հովո, մինչ ես շունչս պահած հետևում էի, որ հանկարծ տառասխալ չաներ,
ինքը վերցրեց ու «Հովհաննեսի» փոխարեն գրեց «Հաննես»։ Սկզբում թվաց, թե
միտումնավոր է էդպես գրում (պապիկիս երբեմն էդպես էին անվանում), հետո որ
խոստովանեց, որ «ո» տառը չէր հիշում, դրա համար էր էդպես գրել, աչքերս
ճակատիս թռան։ Մնում-մնում հարնցում էի՝ ախր ո՞նց կարելի է չհիշել, ախր նոր
ես սովորել տառերը, էսքան շուտ մոռանալ կլինի՞… Բայց դե երեխա էր, ի՞նչ
արած… Էդ ժամանակ նրա համար էլ էր բարդ ժամանակաշրջան, շատ էր
նյարդայնանում, որ անգլերեն չէր հասկանում, չուզելով էր դասի գնում և
այլն, բոլորի ուշադրությունը սևեռվել էր Հովոյին անգլերեն սովորեցնելու
վրա։ Փառք Աստծո, բախտի բերմամբ թե պատահմամբ, դպրոց գնալուց երկու ամիս
անց, նրա դասղեկը փոխվեց. մի բարեհամբույր հայ կին եկավ դասավանդելու։ Շա՜տ
մեծ դեր խաղաց էդ կինը Հովոյի անգլերեն սովորելում, ու Հովոն քիչ-քիչ
մերվեց դպրոցին…Հայերենն էլ, ցավոք, անցավ հետին պլան։
Երբեմն պատահում
էր, որ նեղվածությունից ջղայնանում էի, այբբենարանը վերցնում էի, Հովոյին
նստեցնում կողքս ու սկսում տառերը վերհիշեցնել, կարդալ տալ, բայց դե որ
սիստեմատիկ կերպով չէի անում, ոչ մի օգուտ չէր տալիս էդ արածս։ Հիմա էլ մեծ
դժվարությամբ է կարդում, իսկ տառերը, կարելի է ասել, ոչ թե գրում է, այլ
նկարում, ինչը վրաս շատ է ազդում։
Միակ հույսս այն էր, որ երբ ուսանող
դառնա, կհամոզեմ, հայերենի դասեր կվերցնի… Բայց լավ է, էդ հնարավորությունն
ավելի շուտ ընձեռնվեց։
Չգիտեմ, տեսնենք՝ ինչ կլինի…
No comments:
Post a Comment