Ութերորդ դասարան էինք։ Դասերից հետո միշտ Արմինեի հետ էի տուն գնում,
նույն թաղում էինք ապրում։ Ընդամենը հինգ րոպեի ճանապարհ էր, բայց մենակ որ
գնում էի, էնքան երկար էր թվում, որ միշտ կամ քրոջս էի սպասում, կամ
Արմինեի հետ էի գնում։ Զրուցելով չէինք զգում, թե ժամանակը ոնց էր թռնում։
Մի
արևոտ, բայց ոչ այնքան պայծառ օր էլ հանգիստ քայլում էինք մեր ճամփով,
ոտնաձայներ զգացի ու տակտով շրջվեցի, որ տեսնեմ՝ ովքեր էին գալիս։ Մեր
դասարանի Սոսն ու Վրեժն էին, արագ քայլերով մոտենում էին մեզ։ Միանգամից
հասկացա՝ ինչու։ Սիրտս սկսեց արագ աշխատել, Արմինեին ասացի, որ արագ
քայլեր, չնայած՝ զուր հույսեր էի փայփայում, որ նրանք ուրիշ տեղ գնալիս
լինեին։ Արմինեն հարցրեց՝ ինչ է եղել, ասացի՝ չեմ ուզում մեզ հասնեն, ու
սկսեցի գլուխս կախ, արագ գնալով, քթիս տակ խոսել.
-Վախտ գտա՞ն խոսելու, ինչի՞ հենց հիմա, ինչի՞ հենց փողոցի մեջտեղում։ Արմինե հանկարծ չթողես-գնաս, կսպասես։ Արմինե՛։ Արմինե՞…
Գլուխս
բարձրացրի, Արմինեն չկար։ Փաստորեն՝ հիմարի կարգավիճակում էի. ես խոսելով
գնում էի, իսկ Արմինեին նշան էին արել, որ կանգներ, ու կանգնել էր։ ։/
Ստիպված սպասեցի, որ հասնեին։ Վրեժը մոտեցավ, բա թե՝ Նար, Սոսը քո հետ
խոսելու բան ունի, խնդրում եմ՝ լսես, էլի։ Անհանգիստ ժպտացի՝ շատ հանգիստ
ձևանալով։ Վրեժն ու Արմինեն հեռացան, Սոսն եկավ ու ուղիղ աչքերիս մեջ
նայելով՝ սկսեց.
-Նարինե, ես էի մեղավոր, լրիվ իմ պատճառով էր, հիմար էի… Մի խոսքով՝ ներեղություն եմ խնդրում,- ասաց ու ձեռքը մեկնեց ինձ։
-Ներու՛մ եմ,- ինձնից գոհ-գոհ վրա բերեցի՝ ձեռքը սեղմելով։
Ծիծաղեցինք։
-Հըն, ընկերնե՞ր ենք նորից։
-Միշտ
էլ ընկերներ էինք, ուղղակի դու նեղացել էիր։ Համ էլ էրեխա էինք, անցած
լինի,- ասելու ընթացքում սրտիցս մի ծանր բեռ ընկավ, որի առկա լինելը մինչ
այդ, անկեղծ ասած, չէի զգում։ Թեթևություն զգացի։
Էդ օրն իմ ամենաուրախ
օրերից մեկն էր։ Ուզում էի անվերջ թռչկոտել ու աշխարհին հայտարարել, որ
Սոսի հետ «բարիշել» էինք՝ մոտ մեկուկես տարի իրար հետ չխոսելուց հետո։
Սոսն
իմ մտերիմ դասընկերներից էր։ Երբ դասի չէի գնում, միշտ իրենց տուն էի
գնում՝ դասերի տեղն իմանալու։ Էն ժամանակ ոչ բոլորը հեռախոս ունեին
գյուղում, ու ինչ-որ մեկի բացակայության դեպքում արդեն գիտեինք՝ ով ում
տուն էր գնալու ու ումից էր հարցնելու օրվա հանձնարարությունների տեղերը և
այլն։
Սոսենք երկհարկանի մեծ տուն ունեին։ Բարձրանում էինք երկրորդ
հարկ, ու մինչ Սոսը գրքերն էր բերում ու փորձում հիշել, թե ինչ են արել,
ինչ չեն արել էդ օրը դպրոցում, նրա մայրը մեզ թեյ էր հյուրասիրում ու
փորձում իմանալ, թե ինչ պատճառներով դասի չէի գնացել, իսկ քույրը՝ միշտ
երկու պոչիկ կապած, թախտին նստած՝ ամաչկոտ հայացքով մեր կողմն էր նայում։
Ցավով պիտի նշեմ, որ նրանց էդ մեծ տունը գարնանային մի օր, հարևանի
անուշադրության պատճառով, հողին հավասարվեց հրդեհի հետևանքով, ավելի ճիշտ՝
միայն պատերը մնացին… Ու խեղճերը ստիպված էին զրոյից տուն-տեղ դնել։ ։(
Ինչևէ,
ուրեմն դպրոցական տարիների յոթերորդ նոյեմբերին, մի ամպամած օր, անգլերենի
դասին Սոսի հետ լեզու չգտանք ու գժտվեցինք։ Ավելի մանրամասն՝ մեր դասատուն
չէր եկել, փոխարինելու էր եկել մի ջահել աղջիկ, էրեխեքն էլ կարճ ասած՝
չէին ենթարկվում, ու դասարանը դարձել էր իսկական գժանոց։ Սոսն էլ իմ կողքն
էր նստում, էրեխությունը բռնել էր, որ շատ աշխուժացավ, չդիմացա ու
նկատողություն արեցի, արդյունքում մի փոքր լեզվակռիվ տեղի ունեցավ։ Բոլորը
սսկեցին, չէին պատկերացնում, որ ես, երբևիցե, կոպիտ ասած՝ կկատաղեի։ Մի
խոսքով՝ դասն էդ պահից հետո շատ հանգիստ անցավ, լրիվ լռեցին ու սկսեցին
հերթով խելոք-խելոք կարդալ դասատուի ասած տեքստը։ Սոսը քիթը կախել էր, իմ
աչքերն էլ՝ ջրոտվել… Դեռ չգիտեի էդ օրվա գլխիս գալիքը, որի մասին գրել եմ էստեղ։
Հաջորդ
օրը զգացվեց, որ Սոսը խիստ վիրավորվել էր և էն աստիճանի էր վիրավորվել, որ
տեղը փոխել տվեց, ու իմ մոտ եկավ նստելու մեր մյուս մտերիմ ընկերը՝ Ալիկը։
Թեև Ալիկի ու իմ ծնողներն իրար հետ էնքան էլ լավ հարաբերությունների մեջ
չէին, նրա հայրը «միլիցա» էր և իր ու իր հաստափոր/հաստավիզ կոլեգաների
համար խայծ էր ընտրել իմ հորը, ինչը հանդիսացավ էն բազում պատճառներից
մեկը, որի արդյունքում հայրս թողեց ու հեռացավ իր սիրելի հայրենիքից՝
հասկանալով, որ արդարությունը երբեք, առնվազն իր կյանքի ժամանակահատվածում,
ոտք չի դնի այնտեղ…… Բայց սա թողնենք։ Ուրեմն էդ հարաբերությունները մեր
ընկերության վրա չազդեցին։ Ծնողների թեման երբեք չշոշափվեց մեր կողմից։
Միայն մի անգամ, երբ Ալիկենց տանը խոշոր կողոպուտ էր տեղի ունեցել, նա
ահագին հետաքրքիր բաներ պատմեց իր հոր աշխատանքից, թե նա գործի բերումով
ինչերի էր ականատես եղել և այլն, մի խոսքով՝ հետաքրքիր դետեկտիվ
պատմություններ էին, ուրիշ ոչինչ։
Վերջը՝ իմ աչքին Սոսի
վիրավորվածությունն էնքան էլ չէր երևում, իմ վիշտն ինձ հերիք էր, իսկ հետո,
ինչքան էրեխեքն ասում էին՝ ամոթ ա, մինչև ե՞րբ, կողի չէի գալիս ու ասում
էի՝ ոնց նեղացել ա, էնպես էլ թող սկսի խոսել, ես իրանից նեղացած չեմ։
Չնայած՝ շատ էի ուզում, որ ամեն ինչ հարթվեր, բայց ինձ համար ընդհանրապես
դժվար է առաջին քայլն անել, հատկապես էն ժամանակ, երբ ավելի կամակոր ու իմ
ասածին էի։ Ու էդպես էլ ամիսները գլորվում անցնում էին իրար հետևից, ես ու
Սոսն էլ իրար կողքից էինք անցնում՝ առանց միմյանց բարև տալու, մինչև էն
արևոտ օրը, երբ Վրեժի հետ եկան, ու էդ ամենին վերջ տրվեց։
Պիտի ասեմ, որ
իմ ու Սոսի իրար հետ չխոսելը շատ խորթ էր թվում սկզբում, բայց ընթացքում
սովորական էր դարձել։։ Մենք միշտ հինգով (Վրեժը, Ալիկը, Սոսը, Մարիամն ու
ես) շատ մոտ էինք, «կոալիցիա» էինք կազմել, ու մեր կոալիցիան չքանդվեց էդ
մի կաթիլ մեղրի պատճառով։ Իսկ երբ արդեն նորից մտերմացանք, հիմա էլ էդ էր
խորթ, ու Սոսն անընդհատ ասում էր՝ դու հաստատ ինձ չես ներել, ասածներիս էլի
ռեակցիա չես տալիս, ես էլ նույն բանն իրեն էի ասում, ու բոլորս ծիծաղում
էինք։
Հիմա մի տեսակ մեղավոր ժպիտով եմ հիշում էս ամենը ու զգում եմ, թե ո՜նց եմ կարոտել էդ օրերը…
No comments:
Post a Comment