Thursday, August 30, 2012

Օրերս հետաքրքրանում են

Հոգնած եմ։ Արածս գործը մի բան չի, բայց հոգնում եմ։ Շոգն էլ մի կողմից…
Ուրեմն առավոտյան նկարչության դասի էի։ Մի հայ մարդ (մոտ հիսուն տարեկան) կար դասարանում, ում առաջ հաճախ էի տեսնում  միջանցքներում։ Զարմացա, թե էս մարդն ինչ գործ ունի էս դասարանում։ Հետո Ալեքսը (շատ եմ սիրում Ալեքսին, եթե դասատուն ինքը չլիներ , հաստատ հավես չէի անի էս դասերը վերցնել) սկսեց իր նախկին ուսանողների նկարածները ցույց տալ։ Մեկ էլ ինձ շատ ծանոթ մի գեղանկար ցույց տվեց, որ ահագին ժամանակ քոլեջի ցուցասրահում էր, ու ամեն անգամ նայելիս հիանում էի։ Նկարչի ստորագրությունն էլ հոգեհարազատ էր դարձել՝ Մհեր։ Ուրեմն էս դասատուն Մհերի մի քանի գործ ցույց տալուց ու գովելուց հետո ասաց, որ մեր տաղանդավոր Մհերը մեզ հետ դասարանում է էդ պահին։ Փաստորեն հենց էդ մարդն էր, իսկ իմ մեջ, չգիտեմ ինչու, տպավորվել էր, թե Մհերը իմ տարիքի մարդ է։ Ցանկություն առաջացավ ծանոթանալ նրա հետ. էնպես կիրթ, համեստ ու խելոք մարդ է երևում, բայց դասից ինքը շուտ դուրս եկավ-գնաց։ Հուսով եմ՝ մյուս անգամ էլ էնտեղ կլինի, ու դեռ առիթ կունենամ ծանոթանալու։
Դասից դուրս եկա, որ գնամ տուն, ճամփին հիշեցի, որ գործի համար ժողով ունեինք։ Նորից հետ դարձա ու գնացի պայմանավորված տեղը։ Լավ է, դեռ չէին սկսել։ Լրիվ լուրջ մարդիկ էին հավաքված։ Մաթեմի դասերի հետ կապված նոր ծրագրեր էին կազմում, մշակում, ուսանողների ապագա որոշում, ես էլ մի տեսակ կաշկանդված էի զգում։ Մեջների անփորձ, անգաղափարը ես էի, ուստի հենց տեսա մի հոգի դուրս եկավ, ներողություն խնդրեցի ու ես էլ դուրս եկա։ Տասնհինգ րոպեից գործի էի։ Մտա սրճարան, սուրճ ու սենդվիչ վերցրի, Պոյի պատմվածքներից մեկը կարդալով՝ կերա, խմեցի ու դուրս եկա։

Քանի որ դասերի առաջին շաբաթն է, լրիվ խառնված են իրար։ Ուսանողների կեսից շատը գիրք չունի. մեկն ասում է՝ էսօր եմ առնելու, մեկն ասում է՝ հիմա գնամ առնեմ, մեկն ասում է՝ հիմա փող չունեմ, երեք շաբաթից կառնեմ, մյուսն էլ թե՝ ի՞նչ կլինի, եթե չառնեմ, ու էդպես շարունակ։ Գլուխս տրաքում է…
Անգլերեն շատերը չեն հասկանում։ Մի բանը ստիպված եմ լինում առնվազն երկու-երեք անգամ ասել, էդքանից հետո էլ մոտենալ ամեն մեկին ու օգնել, քանզի բացի անգլերենից նաև համակարգիչ օգտագործելու ձև չգիտեն։ Էս երկու պարագայում հատկապես աչքի են ընկնում հայերը։ Ոմանք խեղճացած նստում են, ոմանք էլ մուննաթ գալով վրա տալիս, թե.«Յանի չենք կարա՞ թղթի վրա գրենք, էս ի՞նչ նորություն ա», կարծես թե ես եմ հորինել էդ ծրագիրը… Ոմանք էլ դասարան մտնելիս հենց տեսնում են գրատախտակի մոտ հայ է կանգնած,  ուրախ-ուրախ մոտենում են ու ասում. «Ինչ կլինի մենք հիմա գնանք, բայց մեզ ներկա դնեք»։  Որ ասում եմ՝ չի լինի, մի տեսակ են լինում ու գնում խելոք-խելոք նստում, կամ էլ ասում. «Ա՜, հիմա սաղ սեմեստր պտի գաաա՞նք»։ Ժպտալով ասում եմ՝ հա, թե չէ զրո կստանաք։ Միայն էդ զրոն է վախեցնում ու սուս ու փուսիկ դարձնում։ Մտածում եմ՝ հիմա կասեն՝ ինչ կռիսն ա էս աղջիկը, մի լավություն էլ չի անում, վերջիվերջո հայ ենք, չէ՞։
Երեք համր ուսանող կա դասարանում, որոնցից մեկը հայ տղա է։ Հենց առաջին դասից էլ զգացվեց, որ խելոք-հարեհաս տղա է։ Հենց համր ուսանողներից մեկն օգնության կարիք է ունենում, ու թարգմանիչը կանչում է, մինչև ես գնում եմ, նա սիրուն բացատրում է, թե ինչը ոնց պիտի արվի։ Թարգմանիչն էլ նրանց զրույցը թարգմանում է, ու ինձ մնում է միայն ասել՝ ճիշտ է, ապրես։
Իր հարցերով գժվացնող ուսանողներից մեկն էլ մի արաբ պապիկ է։ Ինքն էլ զարմացավ, որ համբերատարորեն պատասխանում եմ, ու վերջում հազար անգամ շնորհակալություն հայտնեց։ Հետո էլ պայուսակից կարմիր խնձոր հանեց ու, որպես երախտագիտության նշան, մեկնեց ինձ, թե՝ վերցրու։ Երբ ասի՝ չեմ կարող, բայց շնորհակալ եմ, ասաց, որ իրենց ավանդույթն այդպես է, անպայման պիտի վերցնեմ… Հետո էլ թե. «Ես Արաբական Էմիրաթների իշխանի քարտուղարն եմ եղել»։ Ասի՝ ուրախ եմ շատ…
Հետաքրքիր են մարդիկ… Շատ հետաքրքիր։ ։))
Ֆրանսերենն էլ որոշեցի շարունակել, չնայած արդեն սկսում եմ փոշմանել, էսօր էլ նույնիսկ ալարեցի  դասին գնալ։ Ուրեմն էդ դասին էլ մի ինքնատիպ հայ տղա կա։ Երեկ դասի վերջում մոտեցավ ու հարցրեց.
-Հա՞յ ես։
-Հա,- ասացի։
-Ֆրանսերեն որտե՞ղ ես սովորել սրանից առաջ։
-Էստեղ…
-Հա՜, ես ասի՝ ֆրանսիահայ ես, էնտեղից ես եկել, լավ կիմանաս…
-Չէ հա, երանի չէր,- հոգոց հանեցի ու մտքիս մեջ ասի,- Որ իմանայի, էլ ինչի՞ էի ֆրանսերենի դաս վերցնում։
Հետո հիշեցի, որ հայերը որ լեզուն որ գիտեն, էն են վերցնում, օրինակ՝ ռուսերեն, կամ հայերեն։ ։)
Գնամ քնեմ, վաղն էլի հետաքրքիր օր է լինելու։

No comments: