Saturday, September 8, 2012

Քուչին

Ամեն անգամ տուն գալիս էս մեր կողքի շենքի հարևանի շունն էնպես է հաչում վրաս, որ ամբողջ աշխարհն իմանում է, որ ես տուն եմ հասնում։ Ընդհանրապես ուշադրություն չէի դարձնում էս շան վրա, բայց երեկ չդիմացա, կանգնեցի ու ուղիղ աչքերի մեջ նայեցի մի քանի վայրկյան։ Էս խեղճ շան լեզուն պապանձվեց, ինքն էլ ուշադիր իմ աչքերի մեջ նայելով՝ մոռացավ հաչալ։ Էդպես թողեցի, հեռացա՝ զարմանալով, թե չլինի կախարդական ունակություններ ունեմ ու կախարդեցի շանը։ ։Ճ
Ընդհարապես շներից վախ չունեմ, ինչքան ուզում են՝ բարձր հաչան, ինչքան ուզում են՝ հարձակվեն կամ կողքովս անցնեն, չնայած՝ դեռ ոչ մի շուն չի հարձակվել վրաս ու չեմ հասկանում, թե ինչի պիտի հարձակվի։ ։) Մի անգամ մեր գյուղի հացթուխի շունը քրոջս կծել էր, զարմացել էի, թե ինչու ու շարունակ ուզում էի նրան համոզել, որ երևի շան ոտքն էր տրորել (էդ շունն օրուգիշեր բոյով մեկ փռված էր դռան շեմին), դրա համար էր կծել էր, բայց ինքն ասում էր, որ ոչինչ չէր արել։ Էնքան էլ ուժեղ էր կծել անաստվածը, լրիվ ժանիքների տեղերը մնացել էին, սարսափում էի քրոջս ոտքին նայելուց։
Ինձ թվում ա՝ մինչև շներին վատություն չանես, չեն կծի։ Համենայնդեպս մեր շունն էդպես էր։ Բոլորը վախենում էին նրանից, բայց ինքը միայն մեր հարևանի տղայի վրա էր կատաղում։ Որ Գևորգին տեսնում էր, լրիվ կերպարանափոխվում էր, դառնում անկառավարելի։ Էդպես էլ չիմացա, թե էդ անկարգն ինչ վատություն էր արել մեր շանը, բայց պիտի խոստովանեմ, որ ամեն անգամ մեծ հիասթափություն էի ապրում, որ կատաղում էր, բայց չէր կծում։ Փաստորեն էնքան էլ անկառավարելի չէր, ինքն իրեն տիրապետում էր։ ։Ճ Ու էդպես էլ իր կյանքի ընթացքում ոչ մեկին վնաս չտվեց, բայց շատ հավատարիմ էր։
Շատ էի սիրում մեր շանը։ Անունը դրել էի Քուչի (քեռի Քուչիի պատվին ։Ճ), երբեմն նաև Քուչիկ էինք ասում։ Ընդամենը մի քանի օրական էր, երբ պապիկս նրան բերեց տուն։ Շատ անպաշտպան, խելոք ձագուկ էր։ Կողքի գյուղից էր բերել. հետո իմացա, որ տատիկիս հարևանի շան ձագերից էր։ Էդ հարևանի շանը հեչ չէի սիրում. բաց գույնի, անկապ շուն էր։ Հեչ չէի ուզում, որ մեր շունն էլ նրա նման լիներ ու չեղա՛վ։ Այն ավելի սիրուն էր՝ խելացի աչքերով, գույնն էլ մուգոտ էր, բայց սև չէր։ Միակ բանը, որ ժառանգել էր մորից, կարճ բոյն էր։ Մերոնք բոյով շներ չէին սիրում, ու Ջեկոյի սատկելուց հետո (որին դիտմամբ թունավորել էին), սրտանց  չմեծացող սորտի շուն էին փնտրում, մինչև որ Քուչիին պապիկը բերեց։
Քուչին որ մի քիչ մեծացավ, սկսեց մարդամեջ դուրս գալ։ Մի օր էլ տեսնեմ՝ փողոցի շների հետ կռվի է բռնվել, սիրտս ճմլվեց, ինչքան կանչեցի տուն, բանի տեղ չդրեց, օրվա վերջում նոր եկավ տուն։ Դրանից հետո հենց նկատում էի, որ նա բակում չի, ափսե ու գդալ էի վերցնում, գդալով ափսեին հարվածելով՝ կանչում, իբր թե ճաշ եմ լցնելու, որ լսեր ու գար։ Էն էլ պապս ասեց, որ եթե մի քանի անգամ էլ էդպես անեմ, շունը տուն չի գա, որովհետև խաբում եմ։ Ես էլ դրանից հետո կանչում ու հաց էի տալիս, միայն թե աչքիս առաջ լիներ։ ։Ճ
Սիրում էի նրա հետ խաղալ ու միշտ երազում էի, որ բարձր թռնել իմանար։ Դրա համար հացը օդ էի գցում ու ուզում էի՝ թռներ բռներ։ Հավեսս գալիս էր։ Մերոնք էլ ջղայնանում էին, թե՝ մի արա, մազերը շաղ ա տալիս տենց։ Ես էլ միայն էն ժամանակ էի թռցնում, երբ բակում մարդ չէր լինում։ ։))
Մի անգամ էլ դասից եկա, տանը մարդ չկար։ Ճաշ լցրի, ուտում էի, շունն էլ խելոք պառկած ինձ էր նայում։ Խելքիս եսիմ ինչ փչեց, որոշեցի՝ ճաշի մեջի ոսկորոտ միսը Քուչիին տալ, ու ոչ թե տարա նրա համար նախատեսված ամանի մեջ դրեցի, որ ուտեր, այլ սիրուն վեր նետեցի,  որ բռներ, Քուչիս էլ թռավ բռնեց։ Էն էլ ի՞նչ բռնել, ոսկորը խրվեց կոկորդի մեջ։ Հիմա խեղճը ո՛չ կարողանում է հանել, ո՛չ կուլ տալ, ո՛չ եսիմ ինչ։ Վնգստում է, ու աղերսագին նայում աչքերիս մեջ։ Ես էլ հո չեմ վատացել, չգիտեմ, թե ոնց օգնեմ։ Բակում վերև-ներքև եմ գնում ու շանն աղաչում-պաղատում, որ մի կերպ ոսկորը դուրս գցի բերանից։ Ինձ լրիվ կորցրել էի, չգիտեի՝ ինչ անել։ Վախենում էի մոտենալ, գիտեի թե ցավից կկատաղի ու կկծի, այնինչ խեղճը իսկի բերանը փակել չէր կարողանում։ Ձենս աշխարհ գցեցի ու սկսեցի պապային կանչել՝ հույս ունենալով, որ այգում կլիներ։ Բախտս բերեց, պապան այգում էր։ Եկավ, ասեցի՝ չգիտեմ ոնց, Քուչիկի կոկորդին ա մնացել ոսկորը, մի բան անի, օգնի։ Պապան զգուշորեն ձեռքը մտցրեց շան բերանն ու հանեց ոսկորը։ Էդ օրվանից միայն փափուկ հաց էի տալիս շանը։ Մերոնք էլ ջղայնանում էին, թե՝ հին հացերը թողած, էդ թազա հացն ինչի՞ ես տալիս։ Ու ինձ միշտ թվում էր, թե Քուչին էլ ինձ չի վստահում, քեն է պահել, կամ նման մի բան, բայց նրա մտքով երևի նման բան չէր էլ անցել։ ։) Հիմա գրում եմ ու զգում, թե ոնց եմ կարոտել նրան։ ։) Գժվել եմ երևի։
Հիշում եմ՝ էն թվերին որ դեռ թվային ապարատներ չկային, լենտ էինք առնում, նկարում, հետո ուղարկում հանել տալու, բլա-բլա… Ես վերցնում շանն էի նկարում ու հաճախ նկատողություն ստանում, թե՝ լենտն ափսոս ա, էդքան փող ենք տալիս, դու փչացնում ես։ ։Ճ Հետո բռնել էդ նկարներից պապիս էի ուղարկել (երբ արդեն ԱՄՆ էր գնացել), որ տեսներ, թե ինչքան է մեծացել շունը։ ։))) Թե ասա պապի շատ էլ պետքն էր։ Էն ժամանակ ինչքան կողքից ասում էին, չէի լսում։ Իմ ասածին էի։ Համ էլ գիտեի, թե ինձնից բացի մեկ էլ պապիկն էր մեր շանն էդքան սիրում։ Երևի էդպես էր տպավորվել, որովհետև ուրիշ ոչ մի շուն բակին մոտ չէր թողնում պապիկը։ Մի հատ թափառական ու աներես շուն կար, որ հաճախ էր հայտնվում մեր բակում։ Պապս խստիվ արգելել էր դրան կերակրել ու հրամայել էր, որ տեսնելուն պես դուրս անեինք, աչքը վախեցնեինք։ Էդ շան անունն Աղվես էինք դրել, որովհետև մի անգամ աղվեսի պես ճտերից մեկին տարել էր։ Ես էլ շատ էի խղճում Աղվեսին ու մերոնցից թաքուն սրան հաց էի տալիս, դրա համար երեսը պնդացնում ու հայտնվում էր  բակում, բայց մի օր հանցանքի վայրում բռնվեցի։ ։Ճ Իմ հաց գցելն ու պապիկիս դուռը բացելն ու բակ մտնելը մեկ եղավ։ Էն ոնց ջղայնացավ։ Գնաց մի հատ փայտ վերցրեց, գողեգող մոտեցավ Աղվեսին ու տուր թե կտաս՝ ուղիղ դնչին։ Խեղճի ատամները ջարդուխուրդ եղան, լացս եկավ, ասի՝ ինչ անխիղճ ես բայց, պապի։ Ասեց՝ լավ եմ անում, մյուս անգամ դե փորձի ու դրան հաց տուր։ Ես էի մեղավոր։ Իմ պատճառով խեղճ Աղվեսը զրկվեց իր մի քանի ատամից։
...Հետո ձագեր էր ունեցել։ Էնքան լավն էին։ Ինքը սիրուն շուն չէր, բայց ձագերը շա՜տ սիրուն էին։ Մի օր արթնացանք ու տեսանք՝ Աղվեսի ձագերը չկան։ Պապս վերցրել եսիմ ուր էր տարել։ ։(
Իսկ Քուչիկը սատկեց պապիկի մահից տաս օր անց։ Էդ օրը մեր բարեկամներից մեկը մեկնում էր ԱՄՆ ու  պապիկիս տնկած ծառի մոտից մի բահ հող տարավ հետը։ Հենց էդ հատվածում էլ Քուչին պառկել ու սատկել էր։ Ասում էին՝ տիրոջ մահն զգացել էր, զգայուն շուն էր և այլն, բայց ես չեմ հավատում, ուղղակի երևի արդեն շատ էր մեծացել, աչքերին նայելուց էլ զգացվում էր, որ էն չէր…
Ալարում եմ ալբոմները հանել-նայել։ Պիտի որ Քուչիի նկարներից մի հատ մնացած լիներ։ Չնայած՝ ԱՄՆ գալուց առաջ մաման հատ-հատ ջոկել, նորմալ նկարներն էր բերել, եսիմ էդ նկարը նորմալ համարել էր, թե չէ…

2 comments:

Anna said...

Մի ալարի Նար ջան, գնա հին նկարները նայի: Կարող է լրիվ մոռացված մի նկար գտնես ու էլի մի հետաքրքիր պատմություն հիշես:

Chaotic Insomniac said...

Էդ էլ կա։ ։))