Sunday, September 30, 2012

Վերջերս պապան տատիկի հիվանդության պատճառով շատ է մտածմունքների մեջ ընկնում։ Մի օր էլ երեկոյան հիվանդանոցից դուրս էր եկել էդպես մտքերով տարված, նստել մեքենան ու քշել՝  մոռանալով միացնել  դիմացի լույսերը։ Ընդամենը երկու րոպե անց կանգնեցրել ու տուգանել էին։ Դատարան գնալու օր էին նշանակել, բայց պապան որոշեց միանգամից տուգանքը մուծել ու չգնալ։ Ինչքան փորձեցի համոզել, չլսեց ինձ։ Մի խոսքով՝ մուծեցինք, հետո էլ "online traffic school"-ին գրանցեցի ու ձեռքի հետ քիչ-քիչ արեցինք, պրծանք։
Որ նոր էինք եկել,  ավելի ճիշտ արդեն մոտ երկու տարի կլիներ, ինչ էստեղ էինք, մի օր ծովափին նստած էինք, մութն ընկել էր համարյա, պապան ասում էր՝ վեր կացեք գնանք, բայց ոչ մեկս տեղից շարժվելու միտք չուներ։ Մեկ էլ  գրպանից պապան մի թղթի կտոր հանեց, նայեց ու քթի տակ ասեց՝ սրանց ձենն էլ դուրս չեկավ, ու թուղթն էլի դրեց գրպանը։ Երբ հարցրի՝ էդ ի՞նչ թուղթ էր։ Ասեց՝ թիքեթ։ Զարմացա. ի՞նչ, ո՞նց, ե՞րբ։ Պարզվեց՝ իր ծննդյան օրն էր ստացել (ապրիլի սկզբին)։ Էդ օրը Հայասանից զանգել էին շնորհավորելու, տանից մի քիչ ուշ էր դուրս եկել ու որպեսզի գործից չուշանար՝ արագ էր քշել, արդյունքում էլ տուգանվել։ Մեզ էլ ոչինչ չէր ասել, որ տրամադրություններս չընկներ։
Ուրեմն պապայի գործընկերներից մեկը, իբր որպես ստաժավոր թիքեթ ստացող, ասել էր՝ քսանմեկ օր հետո փոստով ծրար կստանաս, տուգանքի չափը գրված կլինի, կմուծես ու վերջ։ Ոչ մի ծրար էլ չէր եկել, էդ մարդն էլ ասել էր՝ դե որ չես ստացել, ուրեմն իրենց մոտ չեն գրանցել, բախտդ բերել ա, ոչ մի բան էլ չպետք ա մուծես։
Էդպես մի երկու ամիս անցել էր…

Պապային ասեցի՝ տուր տեսնեմ ինչ ա գրված։ Մի կերպ էդ մթին փորձեցի կարդալ ու ի՞նչ տեսնեմ… Գրված էր՝ այսինչ օրվա այսինչ ժամին խոստանում եմ լինել նշված տեղում (որը դատարանն էր), իսկ  ներքևում պապայի ստորագրությունն էր։ Հետո նշված էր՝ չնեկայանալու դեպքում տուգանքի չափը կարող է ավելանալ, նույնիսկ կարող են զրկել վարորդական իրավունքից։ Վայ-վույս կապեցի, թե՝ ինչի՞ չէիր շուտ ասում, հիմա  կրկնակի տուգանք կուզեն և այլն, պապան էլ ասում էր՝ չէ, տենց ո՞նց կլինի։ Համարյա թե մոռացվել էր էդ ամեն ինչը, բայց մոտ տաս-տասնհինգ օր անց մի հատ սիրուն դեղին ծրար ստացանք, որտեղ ասվում էր, որ քանի որ տուգանքը չի մուծվել, և վարորդը դատարան չի ներկայացել, ժամանակավորապես վարորդական իրավունքից զրկել են ու նոր տուգանք նշանակել, որը պետք է մուծվեր տաս օրվա ընթացքում։ Տուգանք, էն էլ ինչ տուգանք. սկզբնական տուգանքի եռապատիկն էր (մոտավորապես $800)։ Զանգեցի դատարան, պարզվեց՝ թիքեթը չստանալու դեպքում մեր պարտականությունն էր զանգել, հետաքրքրվել, թե ինչքան պիտի մուծվեր ու մուծել։ Ինչ արած։ Մնում էր միայն էդ ահագին գումարը մուծել։
Մուծեցինք։
Էդքանից հետո պապային խիստ անհանգստացնում էր էն փաստը, որ իր ռեկորդը  կեղտոտվել է։ Ինձ նստեցրեց, նամակ գրել տվեց, թե՝ հա մեղքս ընդունում եմ, չէի հասկացել, որ դատարան պիտի գայի, առաջին անգամ էր նման բան կատարվում, չգիտեի՝ ինչը ոնց պիտի արվեր, հիմա  "traffic school" եմ ուզում, որ ռեկորդս մաքրվի, բլա-բլա։ ։)) Նամականիշ կպցրի ու ուղարկեցի։ Էն էլ էդ նամակը հետ եկավ, որովհետև էդ ժամանակ նամականիշները թանկացել էին մի քանի սենտով, իսկ մեր տանինը հին էր եղել, ես էլ խաբար չէի։ ։Ճ Նորից ուղարկեցի, ահագին ժամանակ անց պատասխան նամակ ստացանք։ Դատարան ներկայանալու նոր օր էին նշանակել։ Դե նշանակել- նշանակել են, կգնանք։ Պապայի որոշումն էր։
«Դատի» օրից մի քանի շաբաթ առաջ նոր ծրար ստացանք։ Տուգանք նշանակող սպային հարմար չէր էդ օրը դատարան ներկայանալ, ուստի օրը փոխել էր տվել, ահագին հետաձգել էին։ Մի քիչ որ անցավ, բռնեցի ես էլ փոխել տվի՝ ասելով, որ նոր նշանակած օրն էլ մեզ հարմար չի։ ։D Մի խոսքով, սեպտեմբերի վերջերին ծանր ու մեծ վեր կացանք գնացինք դատարան։ Պարզվեց, որ նախօրոք թարգմանիչ պիտի պատվիրած լինեինք, քանզի պապան անգլերեն ո՛չ խոսում էր, ո՛չ հասկանում։ Երբ աշխատողին ասեցի՝ ոչինչ, ես կթարգմանեմ, քթի տակ ծիծաղեց ու ասեց՝ չի կարելի, բայց նստեք, տեսնենք՝ դատավորն ինչ կասի, կարող է նաև սպան չի եկել, էդ դեպքում թարգմանչի կարիք չի լինի։ Նստեցինք։ Պապան նայեց սպաների կողմը, իրեն տուգանողին (ոմն Գոմեզ) չգտավ։ Մի քիչ ուրախացանք, թե՝ ինչ լավ ա, չի եկել։ Երբ դատավորը մտավ ներս ու սկսեց կարդալ մեղադրյալների ու սպաների անունները, հենց «Officer Gomez» ասեց, սպաների կողմից լսվեց՝ here։ Պապան զարմացավ ու տխրեց. շրջվել դրանց կողմն էր նայում, ու զգում էի, որ չի կարողանում նրանց մեջ գտնել Գոմեզին։
Մի քիչ էլ նստեցինք, ասացին՝ սկզբում նայում են էն մարդկանց գործերը, ում տուգանք տվող սպաները ներկա չեն։ Էդ դեպքում մեղադրյալն ինքնըստինքյան անմեղ է ճանաչվում ու կարող է թողնել, գնալ։  Հաճելիորեն զարմացանք, որ հենց առաջինը պապայի անունը կարդացին ու նշեցին, որ ներկա գտնվող Գոմեզն ուրիշ Գոմեզ էր, մեր սպան չէր… Պապան ոտքի կանգնեց, ձեռքը սրտին դնել տվին, իսկ դատավորն սկսեց երկար-բարակ եսիմ ինչեր կարդալ, որ նույնիսկ ես չէի հասկանում, ահավոր լարված էի, չգիտեմ ինչի։ Ամեն կարդացածի վերջում հարց էր տալիս, ես քթիս տակ պատասխանն ասում էի, պապան կրկնում էր։ Հիմնականում հա ու չէ պիտի ասվեր։ Մի պահ թարս-թարս նայելով՝ հարցրեց.«Պարոն, համոզվա՞ծ եք, որ հասկանում եք ամեն ինչ»։ Ես քթիս տակ էլի yes ասեցի, պապան էլ՝ yes, yes։ Կոմեդիա էր։ Էդպիսի զգացողություն չէի ունեցել հեչ. հա՛մ վախենում էի, հա՛մ ծիծաղս էր գալիս, հա՛մ անհանգիստ էի, հա՛մ հանգիստ, մի խոսքով՝ աննկարագրելի վիճակ էր։
Իր ճառերից հետո պարոն դատավորը նշեց, որ մուծված տուգանքը մեկ ամսվա ընթացքում  ետ կվերադարձվի 25$ պահումով։ Պատճառն առաջին անգամ դատարան չներկայանալն էր։ Ուրախ-ուրախ դուրս եկանք, կարծես թե մի մեծ դատ էինք շահել։ Ու սա դաս եղավ պապային, որ ավելի լավ էր գործից տաս րոպե ուշանար, քան թե էս ամենի միջով անցներ։
Էլ ի՜նչ արագ քշել, ի՜նչ բան…

No comments: