Sunday, November 11, 2012

Վերջերս էստեղ հիմնականում կարդացողի դերում եմ։ Երբ ժամանակ եմ ունենում, ալարում եմ ինչ-որ բան գրել, որովհետև հոգնած եմ լինում։ Փոխարենը անընդհատ սպասում եմ ուրիշները նոր գրառումներ անեն, որ կարդամ։ ։)
Հիմա էլ մի տեսակ հավես չունեմ գրելու, բայց դե փորձեմ, մեկ էլ տեսար հավեսս գա։
Ուրեմն էսօր արթնացա ուսանողիս զանգից։ Զանգել էր, որ ասեր ուշանալու էր։ Ուրախացա՝ մտածելով, որ երկար կքնեմ, էն էլ երկար քնելն էլ ինձ համար չի։ Ինչքան էլ ուզեմ, առավոտյան ամենաուշը 8:30 աչքերս բացում եմ։
Էսօր էլ վեր կացա, թեյ դրեցի ու անցա երեկվա կիսատ թողածս գործը շարունակելուն՝ մեր PC-ն կարգի բերելուն։ Անցյալ տարի Հովոն հայտարարեց, որ այն չի աշխատում ու ուզում էր ամեն ինչ ջնջել, recover անել, ես էլ չթողեցի։ Ահագին ֆայլեր ունեի սեյվ արած, բայց դասերի պատճառով ժամանակ չունեի դրանցով զբաղվելու։ Ստիպված Հովոն իր համար լափթոփ առնել տվեց, էդ կոմպն էլ հավաքեցի ու պահեցի՝ մտածելով, որ մի օր մասնագետի մոտ կտանենք սարքել տալու, որ գոնե մեջի եղած-չեղածը փրկվի։ Էդպես էլ մնաց ու մոռացվեց։

Երեկ պարապունքի բոլոր ժամադրություններս չեղյալ էի համարել ու ինձ համար հանգստյան օր հռչակել։ Մի տեսակ զգացի, որ հոգնած եմ ու պարապելու հավես բացարձակ չունեմ։ Որոշել էի թանգարան գնալ, մամային էլ ասեցի, ինքն էլ ցանկություն հայտնեց գալու։ Էդ օրը դաունթաունում գործեր ուներ, էնտեղ էր լինելու, ես էլ մետրոյով գնացի դաունթաուն, էնտեղից ավտոբուսով գնացինք թանգարան։  Drawing surrealism-ի համար էի շատ ուզում գնալ, մանավանդ Ալեքսի խորհրդից հետո, ու ուրախ եմ, որ գնացի։ Ահագին հետաքրքիր գործեր կային։ Մի շաբաթ առաջ էլ MOCA էի գնացել, էնտեղի ցուցահանդեսը էդքան էլ դուրս չեկավ։ Եթե հավես ունենամ, հետո կգրեմ ինչ կար-չկար, բայց դժվար թե ունենամ։
Որ եկանք տուն, չգիտեմ որտեղից կոմպն ընկավ միտքս  ու որոշեցի տեսնել ինչն ինչոց է։ Միացրեցի ու զգացի, որ մասնագետի կարիք չկար, ուղղակի համբերություն էր պետք… Հովոն էնքան խաղեր էր ներբեռնել, որ մեռա հերթով uninstall անելով։ Հետո պապան էլ օգնեց գործը գլուխ բերելուն, մի խոսքով, կարևորը՝ արդեն աշխատում է, ու մաման արդեն էդ կոմպը կօգտագործի, Հովոն էլ ամեն անգամ չի մրթմռթա, թե՝ իմ լափթոփին ձեռք չտաք։ ։)
Էդպես անցավ «հանգստյան օրս», ու էդ օրվա չպարապած ժամերս ավելացան էսօրվանին,  մոտ հինգ ժամ պարապեցի մեկի հետ, էնքան խոսեցի, կոկորդս չորացավ, հոգնեցի, բայց նա դեռ միտք չուներ գնալու։ Զարմանում եմ էս ուսանողներիս անսահման ձգտման վրա։ Գլուխները բան չի մտնում, բայց իրանք կոտորվում են, ամեն ինչ անում են, որ սովորեն, հասկանան, հիշեն… Մեկ-մեկ մեղկս գալիս ա, բայց հալալ ա իրենց… Համեմատում եմ հայ ուսանողներիս ու նյարդերս խախտվում են. սրանք մատը մատին չեն տալիս, ուզում են պատրաստի իրենց պատասխաններն ասես, գրեն, գնան։ Հա, հասկանում եմ, որ շատերը քոլեջ են գալիս զուտ փող ստանալու համար, բայց դե… Իրենց թեստ հանձնելն էլ մի առանձին պատմություն ա, գնում եմ էն աշխարհ գալիս…Աչքս մտնող շպարգալկեքով, իրար հուշելու առիթը բաց չթողնելով, ինչևէ… Ավելի լավ ա չխոսեմ…
Էլի ներվայնացա, ու չեղած հավեսս էլ կորավ։ ։( Հետո էլի կգրեմ։

No comments: