Սասունի քույրն իմ մանկության ընկերուհին է եղել, ավելի ճիշտ՝ առաջին դասարանի։Նա մեզնից երեք տարով մեծ էր ու շատ օրինակելի վարքով աշակերտուհի էր։ Սասունի հակապատկերն էր. ոնց որ հեչ քույր ու եղբայր չլինեին։ Երբեմն խեղճ աղջիկն էլ էր եղբոր արածների պատճառով նախատվում, բայց դե ինքն ինչ աներ, որ եղբոր վրա ոչինչ չէր ազդում։
Երբ ես դեռ դպրոց չէի գնում, Իռան հաճախ էր մեր տուն գալիս, որ մայրս օգներ տնայինների հարցում, էդպես էի ծանոթացել նրա հետ։ Ինչպես մի անգամ գրել էի էստեղ, իրենք մեր թաղում էին ապրում ու շատ էինք իրար տուն գնում-գալիս խաղալու համար։ Երբ էնպես էր ստացվում, որ Իռան պիտի գար մեր բակ խաղալու, խնդրում էի, որ Սասունից թաքուն գար, որովհետև Սասունն ամեն ինչ տակնուվրա էր անում, Իռան էլ հիմնականում Սասունին հետևելով էր տարվում, որ հանկարծ մեր տանը վնաս չտար (ասենք՝ կարող էր գարաժ մտնել ու պապայի գործիքները լրիվ խառնել իրար, կամ նկուղ գնալ ու տակնուվրա անել, ամեն ինչ սպասելի էր) ու կարգին խաղալ չէինք կարողանում։ Էդ պատճառով հիմնականում ես էի բոլոր տիկնիկներս ու խաղալիքներս հավաքում, բեռով-բոխչով գնում Իռայենց տուն, որ խաղայինք։ Իրենք ոչ մի խաղալիք չունեին, աղքատ էին շատ։ Հայրը թողել գնացել էր Ռուսաստան ու իրենց մասին մոռացել։ Մայրն էդ ժամանակ վատառողջ էր, անկողնային։ Տան գործերը ամբողջովին Իռայի վրա էր։ Հիշում եմ, որ գնում էի խաղալու, ինքը գործ էր անում, ասում էր՝ վերջացնեմ, նոր խաղանք, բայց հիմնականում չէինք էլ խաղում։ Իռան ափսեներն էր լվանում, հետո բակը ավլում, երբեմն տներն էր ավլում-սրբում, ես էլ տիկնիկերը ձեռքիս հետևից ման էի գալիս։ Հենց գործը վերջացնում էր, որ սկսեինք խաղալ, մամաս ինձ գալիս էր տուն տանելու։ ։(
Մի օր էլ գնացի, Իռան բարձրացել էր սեղանին ու պատուհաններն էր լվանում։ Էլի ասաց, որ սպասեմ, իբր քիչ էր մնացել։ Էն էլ նա դեռ չէր վերջացրել, տատս եկավ ինձ տուն տանելու ու Իռային տեսնելով՝ տատիս բերանը բաց մնաց։ Էդ օրվանից սկսած մինչև եսիմ երբ տատս առիթ բաց չէր թողնում ինձ ու քրոջս հիշեցնելու Իռայի պատուհան լվալը. «Էդ աղջիկը չորրորդ դասարանում կանգնել իրենց տան լուսամուտներն էր լվանում, իսկ դուք լոդր եք, ամբողջ օրն էդ կոմպյուտերի
Իռան հենց չորրորդ դասարանն ավարտեց, ես ու Սասունն էլ՝ առաջին, իրենք տեղափոխվեցին իրենց տատիկի հետ ապրելու, էդպես էլ մեր «խաղերն» ավարտվեցին։ Միայն դպրոցում դասամիջոցների ժամանակ էինք իրար տեսնում, ու համարյա մեր բոլոր հանդիպումներն ու զրույցները հիշում եմ, իսկ Սասունը, թեև իմ դասարանից է եղել, էդպես չի տպավորվել (դե ծեծ ու ջարդից բացի). ասենք՝ չեմ հիշում որտեղ էր նստում, կամ ում կողքին և այլն։ Միայն առաջին դասարանում եմ հիշում, որովհետև իմ կողքն էր նստում, մեկ էլ՝ ութերորդ, որոհետև դպրոցի երկրորդ հարկից աչքիս առաջ շուռ եկավ ու ընկավ ներքև, իմ խոսքն էլ կիսատ մնաց, ասում էի՝ այ տղա, իջի, թե չէ կընկնես։ Ոտքը ջարդվել էր, մի երկու ամիս դասի չեկավ։
Ընկնել գրեցի, հիշեցի։ Մի անգամ էլ, երբ Իռան եկել էր մեր բակ խաղալու, էս Սասունն էլ հետևից եկավ։ Ինչքան Իռան ասաց՝ գնա տուն, չլսեց, բա թե՝ ես ծառը կբարձրանամ ու ձեզ չեմ խանգարի։ Բակում մի հատ մեծ թթի ծառ ունեինք, բարձրացավ, ու մենք մոռացանք նրա մասին։ Չեմ հիշում՝ շատ էր անցել, թե քիչ, մեկ էլ ճյուղերի ձայն լսվեց ու Սասունի ձայնը, վերև նայենք տեսնենք՝ է՜ն ամենավերևի ճյուղերից մեկից կախվել է։ Ինչ արեց, չկարողացավ ոտքը բարձրացնել ու մագլցել, էդպես կախված էլ մնաց։ Ես վազեցի մամայիս կանչեցի, Իռան իր մորը կանչեց, խուճապի մեջ ընկան։ Ոչ մեկը ծառ բարձրանալ չէր կարող, Սասունն էլ սկսել էր լացել, թե՝ էլ չեմ կարում սենց մնամ, ձեռքերս բաց եմ թողնում։ Խեղճ մայրն էն ոնց էր լացում, մղկտում, աղաչում- պաղատում, որ մի քիչ էլ դիմանար… Մենք էլ էրեխեքով մեր արևին ոգևորում էինք՝ Սասուն, բա չես ամաչո՞ւմ, դիմացի…
Էդ ընթացքում մաման վազեց այգուց աստիճաններ բերեց, հարևանի ամուսինն էլ դաշտից կակռազ էդ պահին տուն էր հասնում, ձայները որ լսեց ու Սասունին ծառից կախված տեսավ, անմիջապես վազեց եկավ բարձրացավ ու իջեցրեց… Լավ է չընկավ ձախորդ փանոսը…
Էն օրը մեր դասարանի Վրեժի հետ էի խոսում սկայպով, Հայաստան էր գնացել՝ Նոր Տարին ծնողների հետ դիմավորելու։ Էրեխեքի մասին հարցրի, թե ովքեր են մնացել գյուղում, ինչով են զբաղվում։ Ասաց՝ միայն Սասունը. գյուղի հովիվն ա։
Լավ է, գոնե գյուղին մի օգուտ կտա։ ։)
No comments:
Post a Comment