Բյուրակնի էս գրառումը կարդալուց հետո իմ մաթեմի դասատուներին հիշեցի ու նրանց մասին պատմելու հավես առաջացավ։ Վերջապես գրառում եմ անում։ ։)
Ուրեմն
մեր դպրոցում բոլոր առարկաների դասատուներն անընդհատ փոխվում էին։
Պատահում էր, որ մասնագետ չէին գտնում ու պատահական մարդկանց էին կանչում
դաս տալու, որոնց թվում հաճախ տասնավարտներ էին լինում։ Այդպես հինգերորդ
դասարանում մեզ մաթեմատիկա դասավանդելու եկավ ընդամենը չորս ամիս առաջ
դպրոցն ավարտած մի աղջիկ։ Էդ տարի դասերը հոկտեմբերին էին սկսվել, որովհետև
դպրոցը վերանորոգվում էր, ուրիշ տեղ էլ չկար աշակերտներին տրամադրելու
համար։ Մի ամիս տևեց, մինչև գյուղապետարանի շենքում մի քանի սենյակ
ազատեցին, ու վերջապես դասերն սկսվեցին։ Հիշում եմ՝ իններորդցիների համար
տեղ չկար, ուստի գյուղապետարանի շենքի առջև էին դաս անում։ Մի հատ նստարան
կար, որի վրա աղջիկներն էին նստում, տղաներն էլ կանգնում էին նստարանի
հետևում ու էդպես գյուղացիների աչքի առաջ՝ մրսելով, դողալով մի քանի դաս
էին անում ու գնում դուն։ Անձրևոտ օրերին էլ դասի չէին գնում, էն ո՜նց էինք
երանի տալիս նրանց։ Ինչևէ, շատ էինք զարմացել որ Թագուհին, արդեն՝ ընկեր
Թագուհին պիտի մեզ դաս տար։ Մի կողմից էլ ուրախացել ու ոգևորվել էինք, իրան
շատ էինք սիրում։ Ուրեմն գիրք-տետր բացեցինք, մեր նոր ուսուցչուհին սկսեց
դաս բացատրել։ Թեման կոորդինատային հարթությունն էր, դրական և բացասական
թվեր… Գլուխս ոչ մի բան չմտավ էդ կոորդինատային հարթությունից։ Հենց
հարցնում էր՝ հասկացա՞ք երեխաներ, ինչ-որ մեկն ասում էր՝ չէ։ Ջղայնացավ,
թե.
-Ի՞նչ կա այստեղ չհասկանալու, ես չեմ հասկանում, որոշել եք հոգիս
հանե՞լ,- հետո նայեց ինձ ու հարցրեց,- դո՞ւ էլ չհասկացար։ Ամաչելով ասի՝
չէ։ Խեղճը վատ զգալով սկսեց նորից բացատրել, հետո նորից ու նորից ու նորից։
Չէ ու չէ։ Էդ անտեր կոորդինատային հարթություն հասկացությունը ոչ մի կերպ
չէր տեղավորվում ուղեղիս մեջ։ Դասը պրծավ։ Ընկեր Թագուհին մոտեցավ ինձ ու
սկսեց թղթի վրա գծել ու բացատրել, բայց ես արդեն ինձ դոդ էի զգում ու էդ
դարդով էի տարվել, ոչ էլ լսում էի ասածները, ինքն էլ ահավոր կարմրել ու
ջղայնացել էր, որ չեմ հասկանում։ Հանկարծ հաջորդ դասի դասատուն եկավ,
ուսմասվարն էլ հետը, թե՝ Թագուհի, ո՞ւր ես, դու արդեն մյուս դասարանում
պիտի լինեիր։ Թագուհին շփոթված հավաքվեց ու գնաց։
Հաջորդ
անգամ Թագուհու փոխարեն դասարան մտավ ընկեր Ղուկասյանը։ Քսանին մոտ,
բոյով-բուսաթով աղջիկ էր։ Կարծեմ Աբովյան քաղաքից էր. եկել էր կողքի
գյուղում տատի ու պապի մոտ մնալու, ձեռքի հետ էլ որոշել էր աշխատել։ Ահավոր
լուրջ էր, հազվադեպ էր ժպտում, դաս բացատրելուց էլ ոնց որ ինչ-որ մեկի վրա
ջղայնացած լիներ, գոռալով էր խոսում։ Բայց դե էս ամենը հեչ։ Կարևորը՝
հրաշք տեղի ունեցավ։ Էս Ղուկասյանն ընդամենը հինգ րոպեում պարզ բացատրեց,
թե ինչ է իրենից ներկայացնում կոորդինատային հարթությունն ու դրա հետ
կապված ամեն ինչ։ Միանգամից սիրեցինք նրան։
Վեցերորդ դասարանում էլ մեզ
ինքը դասավանդեց։ Հանրահաշվի դասին շատ բարի էր թվում, երկրաչափության
դասին հոգիներս հանում էր։ Կանչում էր գրատախտակի մոտ, գրքի մեջից կորած մի
խնդրի վրա դնում մատը՝ դե լուծի։ Պատահում էր, որ ծույլիկներին էր կանչում
ու ինքը լուռ նստում։ Մինչև խնդիրը չլուծեին, նստել չկար։ Էդ խեղճ
ծույլիկն էլ ողջ դասի ընթացքում գրում-ջնջում էր գրատախտակին, բայց ոչ մի
կերպ չէր կարողանում լուծել։ Երբեմն ծիծաղներս գալիս էր, Ղուկասյանն էլ
ջղայնանում էր ու ասում՝ մինչև բոլորդ էս գրատախտակի մոտ ինքնուրույն մի
խնդիր չլուծեք, փոխադրվելու մասին մի գրամ անգամ չմտածեք։ Իհարկե, փուչ
խոսքեր էին, բոլորն էլ փոխադրվեցին, որովհետև գարնանը Ղուկասյանը բարիացել
էր։
Ամռանն իմացանք, որ նա համալսարան է ընդունվել, գնում է սովորելու
ու էլ դաս չի տալու։ Էլի մնացինք առանց մաթեմի դասատուի ու սպասումների
մեջ, թե ով է համաձայնելու գալ մեր գյուղ՝ մաթեմ դասավանդելու։ Արդեն
դասերն սկսվել էին, բայց դեռ պարզ չէր, թե ով կլիներ։ Սկզբի մի քանի դասը
չարեցինք, մի օր էլ հանկարծ մի 40 անց, արդեն ճերմակած մազերով մարդ մտավ
դասարան։ Կիրովաբադցի էր. ահավոր թունդ ակցենտով էր խոսում։ Շատ կոպիտ մարդ
էր, ոնց որ արհամարհանքով մոտենար մեզ։ Բացատրեց, թե բազմակյուններն ինչ
են, հետո էլ տնային հանձնարարության տեղը նշել տվեց։ Ընդամենը հինգ խնդիր։
Մնացինք շշմած։ Հինգ խնդիրն ի՞նչ էր որ, Ղուկասյանը տասնհինգն էր տալիս։
Մեր զարմանքը նկատեց, քմծիծաղեց ու դուրս եկավ դասարանից։ Մի խոսքով, էդ
մարդուց բան չհասկացանք։
Շուտով պարզվեց, որ Այրումից երկու քույրիկներ
էին գալու դպրոցում աշխատելու։ Նրանցից մեկն էլ մաթեմ էր դասավանդելու։ Ու
էդպես յոթերորդ դասարանում մեզ բախտ վիճակվեց լինել նրա աշակերտները։
Առաջին օրն էս աղջիկը դասը բացատրեց ու հինգ կամ տասնհինգ խնդրի փոխարեն
գրքի տվյալ թեմայի բոլոր վարժությունները հանձնարարեց որպես տնային
աշխատանք։ Բոլորիս բերանը բաց մնաց, երբ հասկացանք, որ կատակ չէր։ Հիշում
եմ՝ էդ օրն ամբողջ օրը մաթեմի տնային եմ արել, հաջորդ օրը նորից նույն դասն
ունեինք, նոր դաս բացատրեց ու էլի բոլոր վարժությունները հանձնարարեց։
Գժվեցինք։ Խոսել չէինք կարողանում հետը, ահավոր ագրեսիվ էր իրեն պահում։
Հիմա որ հիշում եմ, բոլոր նոր եկած դասատուներն էլ էդպես էին իրենց պահում։
Երևի իրենց թվում էր, թե բանտ են եկել ու հանցավորների հետ են աշխատում։
Ահավոր կոպիտ, արհամարհական ու ագրեսիվ էին տրամադրված լինում, ոնց որ
ուզեին իրենց դիրքը դնել, բայց դե որոշ ժամանակ անց փոխում էին էդ
վերաբերմունքը։
Ճիշտ է, սկզբում դժգոհում էի առաջադրանքի չափից, բայց
մինչև վերջ էլ լուծում էի լրիվ։ Եթե հարցեր էի ունենում, մամային էի
հարցնում։ Մաման էլ զարմացել էր, որ էդքան վարժություն/խնդիր էի գրում,
որովհետև առաջ ինքն էր միշտ նստեցնում ու դասից դուրս խնդիրներ լուծել
տալիս, ստուգում, բացատրում, իսկ հիմա ես ինքս էի իմ բերանով իրենից
հարցնում, թե էս ինչ բանը ոնց լուծեմ։
Դասարանի էրեխեքի դժգոհությունը
գագաթնակետին էր հասել։ Ընկերուհիս էլ էր շատ ջղայնացած։ Վերջը ընկրուհուս
մայրը, որ մեր դպրոցում էր աշխատում, ուսուցչուհուս հետ խոսացել էր, թե՝ էդ
էրեխեքին ինչի՞ ես էդ օրը գցում, ուրիշ դասեր էլ ունեն և այլն։ Էս
դասատուս էլ շատ վիրավորվել էր։ Հիշում եմ՝ էդ օրը մտավ դասարան, ասեց.
-Ես
էլ ոչ մի բան չեմ հանձնարարում։ Ով ինչ ուզում է, ինչքան ուզում է, թող
գրի։ Ինչ անում եք, ձեզ համար եք անում։Հետո որ ԲՈՒՀ գնաք ու ամբողջ գիրքը
հանձնարարեն, տեսնեմ՝ էդ ժամանակ ո՞ւմ եք բողոքելու։
…Ես արդեն հունի
մեջ էի ընկել։ Հենց տնայիններս վերջացնում էի, հանրի ու երկրի գրքերը
վերցնում էի, իջնում այգի ու սկսում հերթով բոլորն անել։ Երեկոյան էլ
հարցերս ուղղում էի մամային, իսկ եթե մաման շատ էր զբաղված լինում, նոր
դասատուիս էի հարցնում։ Էս դասատուս էլ տեսնելով, որ մաթեմին մատների
արանքով չեմ նայում, ոգևորվում էր ու հավեսով բացատրում։ Ես էլ հերիք չի
բոլոր խնդիրներն անում էի, իմ հերթին ոգևորվորվելով՝ անցնում էի հաջորդ
թեմաներին։
Դասերից հետո ընկեր Գալստյանը սպասում էր, որ քույրն էլ
վերջացներ, միասին գնային տուն (Այրումից եկել կողքի գյուղում էին մնում),
ինձ էլ ասում էր, թե տանն անելիք չունեմ, մնամ, պարապենք։ Ի՞նչ անելիք պիտի
ունենայի. մնում էի, ինքն էլ սիրուն բացատրում էր հաջորդ թեմաները։ Հետո
ասեց՝ բայց լավ կլինի, որ շատ առաջ չանցնես։ Ուրիշ գրքեր էր բերում, դրանց
մեջի վարժություններն էի անում։ Ստուգողականն էլ դասարանի համար առանձին
էր կազմում, ինձ համար՝ առանձին, որ շատ հեշտ չլիներ։ Էդպես սիրահարվել էի
մաթեմատիկային։ Չէի ուզում, որ մաթեմի դասը պրծներ, շատ էի սիրում։
Ընկեր Գալստյանին էլ էի շատ սիրում։ Նրա մասին էստեղ
էլ եմ գրել։ Միակ դասատուս է եղել, որի հետ այդքան մոտ եմ եղել։ Ամառային
արձակուրդներին, ինչքան հիշում եմ, իրենք (ինքն ու քույրը) սկզբում գնում
էին իրենց քննությունները հանձնելու (էդ ժամանակ հեռակա էին սովորում),
հետո վերադառնում էին իրենց գյուղ։ Ես էլ նամակներ էի գրում, ու էդպես կապը
պահպանում էինք, մինչև դասերը նորից սկսվեին։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո կապը
կտրվել էր։ Չգիտեմ ինչու, հավատս չէր գալիս, որ էստեղից ուղարկած նամակս
գյուղ կհասներ, բայց մի տարի անց մի օր մտածեցի գրել, ուղարկել, մեկ էլ
տեսար հասավ։ Էդպես էլ արեցի։ Ի զարմանս ինձ, մի ամիս անց պատասխան ստացա
նրանից. ուրախությանս չափ ու սահման չկար։ Գրել էր, որ ամուսնացել է ու
շուտով երեխա է ունենալու։ Ու էդպես նամակագրություն սկսվեց։ Համարյա ամեն
շաբաթ նամակ էի ուղարկում, մանրամասն պատմում էստեղի դպրոցից ու
դասատուներից։ Մինչև հիմա էլ կապի մեջ ենք, սկզբում ահագին ժամանակ
նամակագրության միջոցով, հետո անցանք էլ. փոստին, հիմա էլ սկայպի միջոցով
ենք խոսում։ Բայց դե նամակն ուրիշ է, էլի, շուտով երևի նստեմ մի հատ նամակ
գրեմ։ Ինչևէ, շատ շեղվեցի։
Ուրեմն ութերորդ դասարանում պարզվեց, որ
Գալստյանին չեն տվել մեր դասարանը։ ։( Պիտի էն սպիտակ մազերով տղամարդը՝
ընկեր Ազիզյանը դասավանդեր։ Ճիշտ է, Ազիզյանը շատ չոր մարդ էր, բայց էն
քչերից էր, որ իր առարկան գիտեր։ Մտնում էր դասարան, տետրերը բացել տալիս
ու սկսում թելադրել դասը։ Հետո նոր օրինակներ էր գրում գրատախտակին։ Շուտով
նա էլ հասկացավ, որ դասարանի մեծամասնությունը դեռ չորրորդ դասարանի
գիտելիք ուներ։ Դասը բացատրում էր, ինձ, Վրեժին, Ալիկին ու Մարիամին
հանձնարարություն տալիս, որ դասարանում զբաղվեինք, ինքն էլ սկսում էր
մնացածին տարրական մաթեմատիկա բացատրել։
Ազիզյանի դասի հետ կապված երկու
դեպք եմ հիշում։ Մի անգամ քեռուս հարսանիքի հինգերորդ ամյակն էր,
ճաշկերույթ էին կազմակերպել։ Մինչև ուշ գիշեր իրենց տանը մնացինք,
հարսանիքի կասետն էինք վերջում միացրել ու կտրվել չէր լինում։ Ես էլ մաթեմի
տնայինս էդպես ձեռքի հետ կասետը նայելով արեցի։ Հաջորդ օրը դասից առաջ
Վրեժը խնդրեց, որ տայի տնայինն արտագրեր։ Ժամանակ չէր ունեցել անելու։
-Մեկ ա գիտես, որ հասկացել եմ,- ասեց,- պռոստը երկար կտևի մինչև ես անեմ, տուր միանգամից գրեմ, էլի։
Ես
էլ տվեցի։ Արտագրելու ընթացքում նկատեց, որ մի հատը սխալ էի գրել։
Չհավատացի։ Հետո համոզվեցի, որ իրոք սխալ էր։ Էդ ժամանակ տանել չէի
կարողանում, որ տետրիս մեջ ջնջումներ էին լինում, ուստի թերթը պոկեցի ու
սկսեցի նորից գրել։ Վերջին մասն էի գրում, երբ Ազիզյանը մտավ դասարան ու
եկավ գլխիս վերևը կանգնեց։ Տետրս վերցրեց, երկու ափի վրա պահելով՝ մոտեցրեց
աչքերին, հետո դրեց նստարանիս ու գնաց իր գրասեղանի մոտ։
-Տնային աշխատանքը տանը անելու համար ա,- ասաց՝ ուղիղ աչքերիս մեջ նայելով ու մատյանը բացելով։
Հետո
էլ չորս նշանակեց մատյանի մեջ։ Բան չասեցի։ Վրեժը նայեց ինձ, ծիծաղներս
եկավ։ Հետո մեղավոր էր զգում ինքը, բայց դե երևի արժանի էի ես էդ չորսին։
Մի
անգամ էլ Կիրովական էի գնացել պապայի հետ, բնականաբար բացակայել էի դասից։
Իմացա, որ նոր թեմա էր բացատրել, սինուս-կոսինուս և այլն, գիրքն աչքիս
տակով անցկացրի, բայց ալարեցի կարգին նստել կարդալ։ Մտածեցի՝ դասի սկզբում
ինքը միշտ համառոտ հիշեցնում է նախորդ դասի մասին, օրինակ էլ է լուծում, էդ
ժամանակ կհասկանամ, էլի։ Էն էլ էդ օրը ձախ ոտքի վրա էր վեր կացել, թե ինչ,
հենց մտավ դասարան, ասեց.
-Բաբուջյան, արի գրատախտակի մոտ։
Գնացի։
Մի հատ շրջան գծեց, եռանկյուն նկարեց ու եսիմ ինչեր գրեց, կավիճը տվեց
ձեռքս ու քաշվեց մի կողմ։ Ես էլ ի՞նչ գիտեմ, որ ինչ գրեմ։ Հիմա հենց ուզում
եմ ասել, որ ես ներկա չեմ եղել դասին, չգիտեմ ոչինչ, էս մարդը մի հարց
տալիս է։ Հենց ուզում եմ էլի ասել, ինքն էլի է խոսում։ Մի խոսքով՝ սուս
արած կանգնեցի, ինքն էլ հարցերի ու կանոնների տեղատարափ լցրեց գլխիս, հետո
փնթփնթաց, որ իրեն չենք հարգում… ինքն էդքան կաշվից դուրս է գալիս, որ մեզ
մի բան հասկացնի, մենք էլ իր արածը ջուրն ենք թափում… Օրագիրս տարա դրեցի
դիմացն ու նստեցի։
Մարիամին կանչեց գրատախտակի մոտ։ Հրամայեց չխոսել ու
գրել… Մարիամն էլ դասը չէր հասկացել, հենց ձեռքը բարձրացրեց ու մի բան
գրեց, Ազիզյանը կավիճը ձեռքից վերցրեց ու ասեց՝ նստի։ Վրեժին կանչեց։ Նա էլ
միանգամից ասեց՝ ես էլ չեմ հասկացել։ Զարմացավ խեղճ մարդն ու սկսեց նորից
բացատրել դասը։ ։)
Նոր հիշեցի, մի անգամ էլ ասեց՝ նոր թեմա ենք անցնում։
Ես էլ նկատեցի, որ մի քանի թեմա բաց թողեց, որոնցից մեկը Կրամերի կանոնն
էր։ Երբ գիրքս բացում էի, միշտ էդ էջն էր բացվում, ես էլ անհամբեր սպասում
էի, որ հասնեինք էդ դասին։
Ձերքս բարձրացրի ու հարցրեցի.
-Իսկ Կրամերի կանոնը չենք անցնելու՞։
Էն
որ ասում են շներին կապեք, էդ մարդուն բաց թողեք… Էս Ազիզյանը մի
ջղայնանալ ջղայնացավ, խիստ փոշմանեցի, որ հարցրել էի։ Կարճ ասած, ասում էր,
որ դրա համար ֆակուլտատիվ պարապմունք գոյություն ունի, ու եթե ես էդքան
շատ եմ ուզում սովորել ու իմանալ, թե Կրամերի կանոնն ինչ ա, կգնամ իր մոտ
լրացուցիչ պարապմունքների։
Մեկ էլ Ազիզյանի գոհունակ ժպիտն եմ հիշում ութի քննության վերջում, երբ թերթիկս հանձնեցի ու վերջին խնդրի պատասխանը տեսավ…
Իննում
արդեն Քվանտում էի, կենսաքիմիայի հոսքում։ Էդտեղ մաթեմին արդեն մատների
արանքով էինք նայում, երկրորդական առարկա էր։ Դասատուն մեր դասղեկն էր։ Որ
ճիշտն ասեմ, իսկի կարգին դաս էլ չէինք անում։ Էրեխեքը համոզում էին, որ էդ
մեր առարկան չի, մեզ պետք չի, ինքն էլ բան չէր ասում։ Դասարանը դղրդում էր
դասի ընթացքում. բոլորը խոսում էին, ոչ մեկը մյուսին չէր լսում։ Նույնիսկ
չեմ հիշում, որ ստուգողական գրած լինենք։ Հիշում եմ դասատուի մատանու
ձայնը, երբ ձեռքն անդադար գրատախտակին էր խփում, որ լռեին, բայց օգուտ
չկար…
Էդ էլ իմ մաթեմի դասատուները… Ճիշտ է, հետո ԱՄՆ-ում էլ եմ
մաթեմ անցել, բայց էստեղի դասատուներիս մասին հավես չունեմ գրելու, առանց
այդ էլ սաղ կյանքս պատմեցի։ ։))
No comments:
Post a Comment