Tell us about a sensation — a taste, a smell, a piece of music — that transports you back to childhood.
Բյուրակնի
գրառումը կարդալուց հետո մտա Daily Post, տեսնեմ՝ ինչ կա չկա։ Իրոք,
ահագին հավես հարցեր կային, առաջ էդքան էլ հետաքրքիր հարցեր չէին գրում։
Նստեցի էս հարցին երկար-բարակ պատասխանեցի, էն էլ էնքան երկար էր, որ փոստ
չեղավ։ Գրածս կորավ-գնաց։ Հիմա նորից, բայց կարճ-կոնկրետ գրեմ ու գնամ
քնեմ։ ։(
Ուրեմն խոսքը կոնկրետ համի մասին չի, բայց գրեմ։ Մի
քանի ամիս առաջ պապայի հետ տեղ էինք գնացել, երբ վերջապես եկանք տուն,
ահագին սոված էինք։ Մաման արդեն հաց-մաց էր դրել, մեկ էլ ասեց՝ գառոխով ճաշ
եմ եփել, տեսնեմ՝ դուրներդ կգա՞։ Ես էդտեղ մի տեսակ հիասթափվեցի ու
զարմացա, թե որտեղից է միտն ընկել դրանով ճաշ եփել։ Վերջին անգամ ոլոռի
սուպ կերել էի, ավելի ճիշտ՝ համտեսել էի 93 թվին (հինգ տարեկան էի) ու
ահավոր դուրս չէր եկել։ Հիշում եմ՝ մի հատ սնդուկ ունեինք, որի մեջ
նպարեղենն էր։ Վերջում մեջը բացի ոլոռից ուրիշ բան չէր մնացել, մաման էլ
բռնել ոլոռով սուպ էր եփել։
Խոհանոցում պապիկի հետ նստեցինք սեղան
(պապան ԱՄՆում էր էդ ժամանակ), մաման ճաշերը լցրեց։ Պապս ու քույրս սկսեցին
սուսուփուս ուտել, ես մի գդալ տարա բերանս ու սկսեցի ուղղակի խաղալ ճաշի
հետ։ Պապս ինչքան ասում էր՝ կեր, մի՛ խաղա, ասում էի՝ համով չի։ Էնքան
ասեցի, մինչև մաման տեղից վեր կացավ ու ճաշը դեմիցս վերցրեց.
-Որ սոված
լինեիր, կուտեիր անուն դնելու փոխարեն։ Մարդիկ հաց չունեն ուտելու, դու
եղած ճաշին անուն ես դնում,- հերթական անգամ ջղայնացավ ինչպես միշտ, երբ
ուտելիքին անուն էի դնում։
-Սոված մարդու համար համով-անհամ չկա, ուրեմն
դու սոված չես,- կրկնեց պապս։ Ու ես էդ օրը սոված մնացի, բայց էնքան իմ
ասածին էի, որ ավելի լավ էր սոված մնայի, քան թե իմ չսիրած ճաշն ուտեի։
Էս
անգամ իրոք սոված էի ու սուսուփուս նստեցի ճաշն ուտելու՝ էդ ամենը հիշելով
ու քթիս տակ անընդհատ ժպտալով։ Էնքան համով էր ստացվել, էլ չգիտեմ սոված
լինելուցս էր, ոլոռից էր, հիշողություն արթնացնելուց, թե եսիմ ինչից, բայց
գիտեմ, որ հիմա ոլոռի սուպն իմ սիրելի ուտելիքներից մեկն է։ Ամեն անգամ
ուտելիս միշտ էդ օրն է աչքիս առաջ գալիս։
Մամային պատմեցի, չէր հիշում։ ։)
Հիմա
հոտի մասին. Բենզինի հոտն է տանում ինձ իմ մանկություն։ Էն ժամանակ պապիկս
գնում փոքր կանեստրով բենզին էր առնում, բերում մեքենայի մեջ լցնում։ Ես
էլ ոչ մի անգամ կողքը կանգնելու ու բենզինի հոտն զգալու առիթը բաց չէի
թողնում։ Հստակ իմանալով, որ ձեռքերից էլ բենզինի հոտ կգա, հենց վերջացնում
էր, երկու թաթով պապիս ձեռքը բռնում մոտեցնում էի դեմքիս ու հոտոտում,
ինքն էլ ջղայնանում էր։
Ցավոք էստեղ բենզինի հոտն զգալու առիթ հազվադեպ
եմ ունենում, միայն այն ժամանակ, երբ Վալի մեքենայում եմ լինում, ու մտնում
է բենզալցակայան։ Անպայման քիթս դուրս եմ հանում, որ հոտն զգամ ու
միանգամից տեղափոխվեմ մանկություն…պապիկիս ու նրա Մոսկվիչի մոտ։
***
Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» երգը ամեն անգամ լսելիս հիշում եմ քեռուս տղային
ու նրա հետ անցկացրած ժամանակը։ Իսկ եթե կոնկրետ, իրենց տան դիմացն առու
կար։ Երբ գնում էինք էնտեղ ու առուն վարարած էր լինում, թղթե նավակներ էինք
սարքում ու գցում առուն։ Ինքն էլ հավատացնում էր, որ էդ նավակները
հասնելու են գետ, էնտեղից էլ գնան հեռու՜-հեռու՜։ Էնքան համոզիչ էր ասում,
որ ինձ թվում էր, մենք կարևոր ու մեծ գործ էինք անում նավակ սարքելով ու
առուն գցելով… Երնեկ էդ օրերին…
No comments:
Post a Comment