Saturday, July 6, 2013

1. Մի բանի մասին, որ ոչ ոք չէր սպասի՝ ես կանեմ

Ութերորդ դասարան էինք։ Շաբաթ օր էր, մի տեսակ տոթ օր։ Վերջին դասն էր մնացել անեինք ու գնայինք տուն։ Էն էլ ինչ դաս. իմ ամենչսիրելի  ռուսերենի դասը։ Զանգը տվեց։ Ընկերուհուս հետ մտնում էի դասարան, մեկ էլ դպրոցի կազմակերպիչը դուրս եկավ ուսուցչանոցից ու մի կողմ կանչեց ինձ։
-Նարինե ջան, հինգերորդ դասարանը հիմա մաթեմից ստուգողական պիտի գրի, բայց ես շտապ տեղ պետք է գնամ, որ խնդրեմ, դու կհետևե՞ս նրանց։ Գիտեմ՝ սխալ եմ անում, որ քեզ դասից հանում եմ, բայց ուսմասվարին ասել եմ արդեն, տեղյակ է։
Ուսմասվարը ռուսերենի դասատուն էր։
Դրանից էլ լավ բա՞ն։ Համ կփրկվեմ ստիպված ռուսերենի դասին նստելուց, համ էլ վերջապես կիրականանա գոնե մի դասաժամով դասատուի դերում լինելու երազանքս։ Միանգամից պատասխանեցի՝ մեծ սիրով։ Երևի աչքերս էլ երջանկությունից փայլում էին։
-Եթե երես առնեն, ինձ տեղյակ կպահես։ Խիստ եղիր, հանկարծ չթողես գլխիդ նստեն, գիտես՝ ինչ եմ ասում։
Էդ պահին Մարիամը աչքով-ունքով էր անում, որ ասեմ՝ ինքն էլ գա։
Մի կերպ կմկմալով հարցրեցի.
-Ընկեր Գալստյան, իսկ կլինի՞, որ Մարիամն էլ գա։ Դե… երկուսով հեշտ կլինի հետևել… որ երես չառնեն, էլի։
Զգացվեց, որ Գալստյանին դուր չեկավ էդ միտքը, ու հասկացավ, որ Մարիամն ուղղակի խուսափում էր դասին նստելուց, բայցևայնպես համաձայնեց։
Շտապ ստուգողականի տետրերը բերեց ուսուցչանոցից, ուսուցչի ձեռնարկն արագ-արագ թերթելով՝ ցույց տվեց, թե որ վարժությունները պիտի գրեի գրատախտակին, որ լուծեին, ու չթողելով նույնիսկ պայուսակս վերցնել՝ միանգամից ուղարկեց «հինգերի» մոտ։
Մտանք դասարան։ Էս հինգերորդցիները, որ մտահոգված սպասում էին իրենց ստուգողականին, ինձ ու Մարիամին տեսնելով՝ թևեր առան, սկսեցին ցնծալ, ուրախանալ։ Նույնիսկ երբ ասեցի, որ ստուգողականն ուժի մեջ է, ուղղակի Գալստյանի փոխարեն ես եմ լինելու, բանի տեղ չդրեցին։ Հայտարարեցի , որ միայն գրիչները թողնեն սեղաններին։ Տետրերի տրցակը տվեցի Մարիամին, որ բաժաներ, իսկ ես սկսեցի գրատախտակին ամիս-ամսաթիվ և այլն գրել, որ արտագրեին ու սկսեին գրավորը։ Տետրերը ստանալուց հետո էլ սրանք չհանդարտվեցին։ Բոլորին դասարանի ամենաճարպիկ տղան էր լարում։ Նյարդերս չհերիքեց, գնացի տետրը նրա դիմացից վերցրի ու անկյուն ուղարկեցի։ Սկզբում չհավատաց, բայց դեմքիս արտահայտությունը որ տեսավ, սուսուփուս վեր կացավ ու գնաց անկյուն կանգնելու։
-Մի ծպտուն թե լսել եմ, Արսենի օրինակին եք հետևելու,- ջղայնացա,- երեք հատ ազատ անկյուն կա։ Հինգերորդն ուղիղ ուսուցչանոց է գնալու, ու կատակ չեմ անում։ Հակացա՞ք բոլորդ,- ոչ մի ծպտուն չլսվեց,- դե հիմա գրե՛ք։
Շրջվեցի դեպի գրատախտակն՝ օրինակներն արտագրելու։ Մի քանիսը հազիվ ծիծաղները զսպելով, մի քանիսը վախեցած ու լուրջ՝ սկսեցին լուռ ու մունջ արտագրել գրատախտակից։ Ինքս ինձնից գոհ չորս խնդիր գրեցի, ասեցի երբ բոլորն արտագրեն, տեղյակ պահեն, որ ջնջեմ, մնացածն էլ գրեմ։ Հազիվ խաղաղվել էր մթնոլորտը, մեկ էլ դուռը բացվեց։ Ինձ թվաց՝ Գալստյանն է, մտքիս մեջ ասի՝ լավ է շուտ չեկավ էն ժխորը տեսներ։ Մոտեցա դռանը, տեսնեմ՝ մեր դասարանի Վրեժն է։
-Ընկեր Նարինե,չէ՛, ընկեր Բաբուջյան, կարելի՞ է ներս գալ։
-Ո՛չ, չի կարելի, կարող ես գնալ։ Դուռն էլ փակիր։
-Լավ, էլի, ընկեր Նարինե։
-Վրեժ, խանգարում ես, ասեցի՝ գնա։
-Այ, որ թողնես գամ նստեմ, չեմ խանգարի։
-Ասեցի՝ դուրս արի՛, շուտ արա։ Էս էրեխեքն ստուգողական են գրում, շեղում ես։
-Էրեխեք ջան, համաձայն եք, չէ՞, որ ձեր դասին նստեմ,- խոսքն ուղղեց դասարանին։
-Այո՜,- համարյա միաբերան հնչեց պատասխանը։
-Ըհը, տեսա՞ր,- սկսեց ծիծաղել։ Էդպես միայն հոգուս հետ խաղալուց էր ծիծաղում։
Կատաղեցի։
-Ուրեմն լսի, կա՛մ դու հիմա դուրս ես գալիս, կա՛մ ես եմ գնում,-գոռացի,- ինքդ կգաս ու դասը կանցկացնես։
-Չէ, ես ուզում եմ, որ դու դասն անցկացնես, ես էլ նստեմ հետևեմ։
-Դու շատ բան ես ուզում…
-Այ, հենա, էն հետևի աթոռին կնստեմ, Նար։
-Գնա ասեցի,- շատ հանդարտ վերջին անգամ ասացի։ Էդ մոմենտին Ալիկն էլ եկավ, թե.
-Նար, կթողնե՞ս, ես էլ գամ։
-Եկեք, սաղդ եկեք,- հեգնանքով հայտարարեցի։ Գիրքն ու կավիճը մեկնեցի Վրեժին, որ վերցնի։ Չվերցրեց։ Առանց մի վայրկյան մտածելու՝ շպրտեցի ու դուրս եկա դասարանից։ Երկու աստիճան էլ չէի բարձրացել, տեսնեմ՝ Ռուզանը պայուսակս իջեցնում է։
-Էսօր ռուսերեն չենք անում, Խուդյանն ասեց, որ Նարինեն ու Մարիամը չկան, դուք էլ գնացել։ Լավ ա, չէ՞։
Ռեակցիա չտվեցի։ Պայուսակս քաշեցի ձեռքից, գցեցի ուսիս ու արագ-արագ հեռացա։ Վրեժը գիրքը ձեռքին վազելով եկավ հասավ։
-Հլը, տես ինչ արեցիր,- ցույց տվեց պատռված գիրքը,- բա չե՞ս ամաչում։
Տեսավ, որ իրոք կատակ չէի անում։
-Լավ, Նար, կանգնի,- թևիցս բռնեց,- արի գնա դասարան, կատակ էի անում…
Թևս քաշեցի ու կանգնեցի։
-Ուզում էիր դասին նստեի՞ր, գնա նստի։ Ես չեմ ուզում։ Ի՞նչ ես ուզում ինձնից։ Գնա արտագրի, թող գրեն։
-Ինձ չեն ասել, որ արտագրեմ։ Քեզ են ասել։
-Ինձ չի հետաքրքրում արդեն։
Թողեցի ու շարունակեցի ճանապարհը։

Ու էս դեպքը դարձավ բոլորի բերանի ծամոնը։ Ոչ ոք չէր սպասում, որ ես ուսուցիչների կամ ընդհանրապես որևէ մեկի վստահությունը կչարաշահեի։ Անկեղծ ասած՝ էդպես էլ չիմացա, թե էդ էրեխեքի ստուգողականն ինչ եղավ։ Հաջորդ օրն այդ մասին ոչ մի հարց չտվեցի Մարիամին, ինքն էլ ոչինչ չասաց։ Մի պահ Ալիկն ասեց.
-Նար, երեկ Գալստյանի գիրքն էդ ինչ օրը գցիր, ջնջխվեց սաղ։ Քեզ Սիբիր ա ուղարկելու։
-Ալիկ, ես քեզ բան հարցրի՞։ Ինձ որ հետաքրքրեր, երեկ կմնայի ու կնայեի, թե ինչը ոնց եղավ։
Լռեց Ալիկը։
Գալստյանը ոչ եկավ էլ մեր դասարան, որ իմանար ինչ էր կատարվել, ոչ էլ… Երևի հինգերորդցիներն ամենայն մանրամասնությամբ պատմել էին։ Միայն մի օր դասամիջոցին պատահմամբ դիմացս դուրս եկավ ու ասեց.
-Ես քեզ ընդամենը մի բան էի խնդրել։ Ամեն ինչ կարող էր անաղմուկ անցնել…
Ինչ արած։ Կարող էր, բայց չանցավ։ ։)

No comments: