Անունն Արկադիկ էր։ Երբ ես երկրորդ դասարան էի, ինքը քսանչորս տարեկան էր,
բայց չորս տարեկանի բոյ ուներ։ Զզվելի արարած էր։ Աստված գիտի, թե ինչ
հիվանդություն ուներ։ Ասում էին, որ իբր մինչև չորս տարեկան նորմալ երեխա
էր եղել, հետո աճը կանգնել էր։ Իր էդ գաճաճ մարմնով ու զզվելի դեմքով
դարձել էր գյուղի երեխաների հոգեառը, այդ թվում և իմ։ Հենց հեռվից նրան
նկատում էի, ճամփաս փոխում էի, որ հանկարծ կողքով չանցնեի, թե չէ լեղաճաք
կլինեի։
Մի օր էլ երկրորդ դասարանում դասերից հետո մնացինք փորձ անելու,
ինչ որ միջոցառման էինք պատրաստվում։ Երբ վերջացրինք, ահագին ուշ էր, ոչ
ոք չկար մեր փողոց գնացող, պիտի մենակ գնայի։ Թարսի պես էս Արկադիկը
հայտնվեց դիմացս, հետն էլ հենց խաչմերուկում, որ ոչ մի կերպ չէի կարող
ճամփաս շեղել ու ուրիշ ճամփով տուն հասնել։ Որ կողմ որ փորձում էի գնալ,
վազում դիմացս կտրում էր։ Սիրտս քիչ էր մնում կանգներ։ Ինձ կորցրած շուրջս
քար էի փնտրում, որ մի կերպ ազատվեի նրանից (ես քարով մարդկանց խփելու մեծ
փորձ ձեռք էի բերել մինչ դպրոց գնալս։)), էն էլ էդ անտեր փողոցից քարերը
վերացել էին։ Դա էլ սիգարետը քաշում էր ու ծիծաղում։ Էդ ծիծաղն էնպես էր
ազդում վրաս, որ թվում էր՝ ուր որ է կուշաթափվեմ, վերջս եկել ա, պրծ։ Տեսա՝
էլ ճար չկա, հույսս կտրած կանգնեցի ու սկսեցի լաց լինել։ Սա որ տեսավ
լացում եմ, զարմացավ, թողեց մի կողմ քաշվեց։ Ես էլ զարմացա, որ էդպես հեշտ
ու հանգիստ թողեց գնամ ու անընդհատ հետ նայելով՝ գնացի տուն։
Տենց ահագին ժամանակ ամեն կերպ աշխատում էի մենակ տուն չգնալ, որ հանկարծ ճամփաս էլի չկտրեր։
Մի
օր էլ մեր բակի դուռը թակեցին (էն ժամանակ դեռ զանգ չունեինք)։ Գնացի
բացեցի ու ի՞նչ տեսնեմ՝ Արկադիկն էր։ Սիրտս կանգնեց։ Մտածեցի՝ վերջ գտել ա,
թե որտեղ եմ ապրում, եկել ա վերջնականապես ինձ էն աշխարհ ուղարկելու։
Լեղապատառ փախա ներս՝ ձայնս աշխարհ գցելով, թե՝ Արկադիկն ա եկել։ Ի զարմանս
ինձ, մերոնք հեչ էլ չզամացան։ Դեռ մի բան էլ ավելին, պապան կանչեց բակ, որ
տեսներ՝ ինչ է ուզում։ Պարզվեց, որ էդ արարածը ոչ կարգին խոսել էր
կարողանում, ոչ էլ լսել։ Պապան մի կերպ հասկացավ, որ ձկան կարթ էր ուզում…
Էդ տարիներին պապան հաճախ իջնում էր լիճ ու ձկնորսությամբ զբաղվում։
Արկադիկն էլ տեսել էր, որ նա տարբեր տեսակի կարթեր ունի, եկել էր կարթ
ուզելու, որ ինքն էլ գնար ձկնորսության։ Ու էդ իր մոտ սովորություն դարձավ.
շաբաթը մի քանի անգամ գալիս էր կարթ ուզելու։ Պապան էլ ոչ միայն կարթ, այլ
ճիճու-միճու էլ էր տալիս, սովորեցնում ինչը ոնց անել։ Հաճախ նաև հաց էլ էր
տալիս, ասում էր՝ մեխկ ա, հիվանդ երեխա ա։ Ես էլ միշտ վարագույրի հետևից
վիզս ձգած նայում էի՝ վախենալով, որ պապային մի վնաս չտար։ Թե ասա ինչ պիտի
աներ։ Հետո մի անգամ որ ասեցի՝ Արկադիկը ճամփես կտրել էր, մերոնք ուշքից
գնացին, թե՝ Նարին ջան, հլը քո բոյին նայի, ու Արկադիկի բոյին, մատով մի
կողմ հրեիր, կընկներ գետնին։ Բայց ախր ինքն էնպիսի տիպ էր, որ ինձ թվում
էր՝ հենց կպնեի, ես էլ իրա պես կփոքրանայի։ Դրա համար երբեմն որ ես էի
կարթը ներսից բերում, տանում դնում էի աթոռին ու փախչում, որ հանկարծ ինձ
չկպչեր։
Ինչևէ, Արկադիկն էդ առաջին անգամ եկած ժամանակ որ տեսավ իրա
բարերարի աղջիկն եմ, դրանից հետո հենց ինձ ճամփին տեսնում էր, թողում
սուսուփուս հեռանում էր։
Միակ մարդն ա եղել, որ մինչև էդ մեր տուն գալը,
հոգով-սրտով-մարմնով դողում էի, հենց մտքովս անցնում էր, որ կարող էր
ճանապարհիս հայտնվել։
No comments:
Post a Comment