12-րդ դասարան ենք։ Հինգերորդ դասն է։ Government։ Դասատուն ինչ-որ վիդեո է
միացրել, լույսերն անջատել, նայում ենք։ Մեկ էլ դուռը թակում են։ էս
դասատուն ալարելով վեր է կենում տեղից, գնում բացում։ Բոլորն ուզում են
տեսնել, թե ով է։ Մի տղա նոթ է տալիս դասատուին ու գնում։ Դասատուն թուղթը
պահում է արևին, որ տեսնի՝ ում համար են բերել։ Հետո ծանր ու մեծ քայլերով
բերում սուսուփուս դնում է իմ նստարանին։ Կարդում եմ՝ կանչում են գրադարան։
Անմիջապես։
Քույրս կողքից թևիս խփում է, որ իմանա՝ էդ ինչ է։ Թուղթը
փոխանցում եմ իրեն։ Աչքով- ունքով հարցնում է՝ չես գնո՞ւմ։ Հավես չունեմ։
Սկսում է անհանգստանալ։ Ինքը շատ անհանգիստ բնավորություն ունի ու երբեմն
նյարդայնանում է, երբ որոշ բաներ ականջի հետև եմ գցում կամ մատների արանքով
նայում։
Մի քանի րոպե անց նույն տղան էլի է թուղթ բերում՝ ներողություն
խնդրելով, որ առաջին անգամ չտվեց։ Էս անգամ էլ դասատուն թուղթը բերում
դնում է քրոջս սեղանին։ Տեսնելով, որ քույրս գիրք-տետր հավաքում է, որ գնա,
ես էլ եմ տեղիցս շարժվում։ Գրադարան գնալու ճամփին խոսում ենք, փորձում
գուշակել, թե ինչու են կանչել, կամ ով է կանչել։ Չի ստացվում։
Հասնում
ենք գրադարան ու լիքը ծանոթ դեմքեր տեսնում. GEAR UP ծրագրի ժողովուրդն են։
Մենք էլ էդ ժամանակ էդ ծրագրի շրջանակներում իններորդ դասարանցիների
mentor-ներն էինք։ Նստում ենք սեղանի շուրջ ու սպասում, որ բոլորը
հավաքվեն։ Ոչ մեկս էլի չենք հասկանում, թե ինչու են մեզ դասից հանել, բերել
գրադարան։ Վերջապես բոլորը հավաքվում են, ու «ժողովն» սկսվում է։ Սկսում
են խոսել-խոսել-խոսել, ես էլ ընթացքում անջատվում եմ։ Մեկ էլ քույրս ձեռքս
բռնում է ու թաքուն արագ շշնջում՝ բարձրացրու ձեռքդ։
-Չէ,- իմ առաջին բառն է միշտ,- Ինչի՞ համար։
-Նարի՜ն, please…
Անմիջապես նկատում եմ, որ բոլորն իրենց ձեռքերը բարձրացրել են։ Մեկ էլ էս ղեկավարներից մեկը դառնում է ինձ ու հարցնում.
-Դու չես ուզո՞ւմ գնալ։ Տես ընկերներդ, քույրդ ինչ ուրախ են… Լավ, դեռ մտածելու ժամանակ ունես, ոչինչ…Հուսով եմ՝ միտքդ կփոխես։
Ու
բոլորն ինձ են նայում։ Ես էլ ամաչում եմ ասել, որ ես մտքերով եսիմ որտեղ
էի սավառնում ու ոչ էլ գիտեմ, թե դուք ուր եք գնում։ Ուսերս եմ թափ տալիս։
-Նարին, ասա՝ հա, please, please, please,- աղաչում է քույրս,-դու որ չգաս, ինձ էլ չեն թողնի։-Էհ հա, բայց ո՞ւր եք գնում։
-Քնա՞ծ ես,-զարմանում է,- Վաշինգտո՛ն։
Ու
որոշվում է, որ գնում ենք Վաշինգտոն։ Մեզ՝ 16 հոգուս, ընտրել են լավ
սովորող, խելոք, պարտաճանաչ աշակերտներ ու mentor-ներ լինելու համար, ու
տանում են կոնֆերանսի։
Ահագին ժամանակ պատրաստվում ենք էդ կոնֆերանսին
ու ամեն ինչ շատ հավես է անցնում, մինչև որ էս մեր տանողները հանկարծ
հիշում են, որ իրենց բյուջեն ճեղքված է ու շտապ փող է հարկավոր։ Փող
հայթայթելու «ամենահարմար» միջոցն էլ նվիրատվություն ստանալն է։ Ես ասեմ
նվիրատվություն ստանալ, դուք հասկացեք սրանից-նրանից փող ուզել։
Նորից
ժողով են հրավիրում ու բացատրում, որ պիտի ընկնենք փողոցները, հերթով ինչ
խանութ-մանութ, ռեստորան ու եսիմ ինչ տեսնենք, մտնենք ու նվիրատվություն
պահանջենք։ Էդ ինձ համար մի ահավոր մղձավանջ է թվում, որովհետև ես, օրինակի
համար, նույնիսկ իմ հարազատ հորից չեմ կարողանում փող ուզել, ինչ մնաց թե
մի անծանոթ եսիմ ումից, ինչ է թե ինձ Վաշինգտոն են տանելու։ Չեմ ուզում ու
վերջ։ Քույրս համոզում է, թե՝ հո առանձին-առանձին չենք խնդրելու, խմբով
էնտեղ ենք լինելու, էնքան որ իմանան իրոք դպրոցի համար է։ Վերջը վեր ենք
կենում ու գնում։ Մեր խումբը չորս մասի են բաժանում ու ասում, որ ամեն տեղ
մտնելիս հերթով ամեն մեկս խոսելու ենք։ Փաստորեն ամեն ինչ հենց իմ
պատկերացրածով էլ լինում է։ Դեռ ավելին, հենց ինձ են ստիպում խոսել առաջին
իսկ մտած խանութում (ինչքան հիշում եմ՝ շինանյութերի խանութ էր, բայց
կարևոր չէ)։
-Ես չեմ կարող,- միանգամից հրաժարվում եմ։
-Վաշինգտոն գնալ ուզո՞ւմ ես,- երեսիս է նայում։
Դեռ բերանս չբացած, էրեխեքիս մեկն ասում է.
-Ինքը նույնիսկ չուրախացավ առաջին անգամ Վաշինգտոն գնալու մասին լսելիս։
Ձայն
չեմ հանում, մեջս տակնուվրա եմ լինում։ Ինքս իմ աչքից ընկնում ու ինձ
նախատում, թե ես ինչու՞ եկա էստեղ, ախր գիտեի գլխիս գալիքը։
-Տե՛ս, հիմա
ինչ որ անում ենք, բոլորիս համար ենք անում։ Էստեղ վատ բան չկա։ Նայի՛ր
ընկերներիդ, բոլորն ուզում են, որ դու գնաս ու էն մարդուն բացատրես, թե
ինչու ենք մենք հիմա էստեղ գտնվում։
-Լավ, կանեմ,- ասում եմ՝ զգալով, թե ինչքան եմ կարմրել ջղայնությունից ու ամոթից։
Մոտենում
եմ աշխատողին, չեմ էլ հասկանում, թե ոնց, սկսում եմ խոսել. մենք էս ինչ-էս
ինչ դպրոցի աշակերտներն ենք, էս ինչ ծրագրով մեզ տանում են Վաշինգտոն, շատ
լավ ծրագիր է, բայց բանն այն է, որ էլ չի ֆինանսավորվում, բայց մենք
ուզում ենք շարունակվի էս ծրագիրը, բլա-բլա, ու հասնում եմ ամենադժվար
մասին, մի կե՜րպ արտաբերում բառերս… Էս աշխատողը ժպտում է ու ասում՝ սպասիր
մենեջերին կանչեմ։ Ես գետինն եմ մտնում ու ավելի վատանում՝ մտածելով, որ
էդ նույն բանը ստիպված եմ լինելու մի անգամ էլ մենեջերի համար կրկնել։
Բախտի
բերմամբ, թե պատահմամբ, թե դիտավորյալ, էս աշխատողը գալիս հայտնում է, որ
մենեջերը տվյալ պահին տեղում չի։ Ներքուստ ուրախանում եմ ու թեթևացած շունչ
քաշում, կամ պատկերացնում, որ շունչ եմ քաշում։
Էդպես մի կես օր ման
եկանք խանութից խանութ, ռեստորանից ռեստորան, ոչ մի կոպեկ տվող էլ չեղավ։
Փոխարենը ինքնահարգանքս հավասարվեց զրոյի։ Պիտի նշեմ, որ մյուս խմբերին
հաջողվել էր որոշակի գումար հավաքել։ Մեջների անբաշարը մեր խումբն էր։ ։Ճ
No comments:
Post a Comment