Մինչև հիմա խոտերի վրա վախենալով եմ քայլում, իսկ եթե խոտածածկ տարածքը
քաղաքի մեջ չի, ընդհանրապես խուսափում եմ, որովհետև ինձ միշտ թվում է՝
խոտերի մեջ թաքնված օձ կա։ Կողքս եթե գազազած շուն բերեն, երևի էնքան չեմ
վախենա, ինչքան իր համար հանգիստ սողացող օձից։ Իմ ամենամեծ վախն են էդ
կենդանիները, որ երևի երբեք հաղթահարել չեմ կարողանա։
Էդ վախը մեջս մտել
է փոքր ժամանակվանից, ավելի կոնկրետ՝ երկրորդ դասարանից։ Էդ տարի մեր
դպրոցի ութերորդ դասարանի աղջիկներից մեկն օձի խայթոցից մահացավ։ Գնացել
էին դեղձ հավաքելու կարծեմ, երբ վերջացրել էին, գնալու վերջին վայրկյանին
ծառի վրա մի հատ դեղձ էր նկատել։ Զարմացել էր, որ չէին պոկել, վազել էր հետ
էդ դեղձը պոկելու ու առանց նկատելու կանգնել օձի վրա…Հետևանքը
ճակատագրական էր…Ահագին ժամանակ ամբողջ գյուղն էդ աղջկանից էր խոսում։
Պապան էլ մեզ արգելում էր մենակ այգի իջնել, իջնելուց առաջ էլ պարտադիր
հիսուն անգամ ասում էր՝ ոտքերիդ տակ կնայես, խոտերի վրայով չգնաս հանկարծ,
ուշադիր կլինես, օձ չտրորես, էս-էն։ Երբեմն որ մաման ուղարկում էր այգուց
կանաչի քաղելու, պապան ջղայնանում էր, թե՝ ինչի՞ շուտ չասիր, ես հետս
կբերեի։
Մի խոսքով՝ այգի իջնելն ամառվա շոգին իմ «էն աշխարհ» գնալն էր,
նույնիսկ երբ արդեն երեխա չէի։ Ամեն անգամ վախենալով, աչքերս լայն բացած,
կողքերս ու հետ նայելով (որ հակարծ հետևիցս օձերը չգային ։D) իջնում էի
այգի, մի կերպ մամայի ուզած կանաչին հավաքում, հետո նույն ձևով վերադառնում
տուն ու աստիճաններին հասնելուն պես՝ հո չէի վազում, հո չէի վազում,
էնպիսի արագությամբ, որ օձն իր պորտով, հավքն իր թևով հետևիցս չէր հասնի։։)
Օձերի հետ կապված մի դեպքի մասին գրել եմ էստեղ, մի քանի հատ էլ գրեմ։
Ուրեմն
մի անգամ շտապ պիտի տատիկիս զանգեի, մենք էլ դեռ հեռախոս չունեինք,
հարևանուհու հեռախոսից էինք օգտվում։ Գնացի իրենց տուն, բակում լիքը
տղամարդիկ կային, բարևեցի ու անցա ներս՝ տանտիրուհուց նախօրոք հեռախոսից
օգտվելու թույլտվություն ստանալով։ Տատիկիս հետ խոսեցի, վերջացրի, դուրս
եկա բակ ու տեղում քարացա. իմ էդ ժամանակվա բոյից երկար մի օձ էր փռված։
Տղամարդիկ էլ դրա շուրջն էին հավաքվել փաստորեն։ Չեմ հասկանում, թե ես ոնց
էի առանց նկատելու կողքով հանգիստ անցել ։
Հիմա ուզում եմ գնալ, բայց
ռիսկ չեմ անում շարժվել տեղիցս։Աչքերս սառել են օձի վրա։ Վահեն՝
տանտիրուհու թոռը, որ Հաղթանակ գյուղից տատի տուն էր գալիս միայն օձեր
որսալու նպատակով, անմիջապես նկատեց, որ պապանձվել ու քարացել եմ, ասեց, որ
առանց վախենալու անցնեմ.
-Թույնը հանել եմ, մի վախի, որ կծի էլ բան չի լինի։
Չէ,
ես տեղիցս շարժվողը չէի։ Վերջը ասեց՝ լավ, սպասի էսա կբռնեմ, կանցնես։ Ու
սկսեց օձի հոգու հետ խաղալ։ Էս օձն էլ անընդհատ վրա էր տալիս, կծում նրան,
բայց ինչքան հիշում եմ՝ Վահեն ատամները ջարդել էր, թե ինչ (ինչեր ասես, որ
չէր անում խեղճ օձերի հետ), դրա համար ոչինչ չէր լինում։ Ինքն էլ օձի
անզորությունից գերագույն հաճույք էր ստանում, օձի հետ խոսում, ուրախանում,
ծիծաղում, մինչև էս օձը նրա ցուցամատից բռնեց, ինքն էլ ձեռքը բարձրացրեց
ու էդպես օձը կախվեց իր մատից։ Հետո չգիտեմ ոնց եղավ, փաթաթվեց թևից, ես էլ
թողեցի գնացի տուն։
Խոտհնձի ժամանակ միշտ Վահեն գալիս օձեր էր հավաքում
դաշտից, բերում երեք լիտրանոց բանկաների մեջ դնում, հետո տանում իրենց
գյուղ։ Չգիտեմ ինչ էր անում… Մի անգամ էլ օձերից մեկը «փախել էր», եսիմ ոնց
էր եղել, դուրս էր եկել բանկայի միջից։ Տնով մեկ օձ էին փնտրում…
Էդ
կնոջ մյուս թոռն էլ ոգևորվել էր, մի օր էլ նա էր գնացել օձ բռնելու։ Հիշում
եմ՝ փողոցում խաղում էինք, մեկ էլ տեսնեք՝ երկար օձ է քաշ տալով բերում։
Խաղը դադարեցրինք ու սկսեցինք հարցեր տալ։ Ասեց, որ գոտի է սարքելու։
Չհավատացինք։ Հետո մի օր իրենց տուն գնացի, տեսնեմ՝ սենյակի մեջտեղում
քերթել կախել է օձի կաշին, լեղաճաք եղա։ Կարծեմ հետո չէր կարողացել կարգին
մշակել, դեն նետեց։
Ընդհանրապես իրենց տանը շատ էին օձեր հայտնվում։ Մի
օր նրանց հարսը վազելով գիշերն եկավ, թե՝ ննջարանում օձ կա, խնդրում եմ
հասեք, մի բան արեք։ Էդ աղջիկը գիշերները քնել չէր կարողանում, միշտ գիրք
էր կարդում փոքրիկ լուսամփոփի լույսի տակ։ Էդ գիշեր էլ ինչ-որ նշում
կատարելու համար վեր էր կացել, որ գրիչ վերցներ։ Տարօրինակ սև բան էր
նկատել սեղանին, լույսը մոտեցրել էր ու … վազել ուղիղ մեր տուն։
Եզրակացնում էր, որ պատուհանից էր օձը ներս մտել, սեղանն էլ հենց պատուհանի
տակ էր…
Օձերի ահից ես նույնիսկ ոտքս գետի ջուրը չէի մտցնում։ Մի
ամառ քեռիս համարյա ամեն օր բոլորիս տանում էր գետ՝ լողալու։ Էս մեր
էրեխեքը լրիվ մտնում էին ջուրը, ես գնում սուսուփուս քեռուս կողքը նստում
էի։ Ինքն էլ շատ հանգիստ, հասկացող ու համբերատար մարդ էր։ Մի օր էնքան
խոսեցրեց, որ վերջապես խոստովանեցի, որ օձերից վախենալու պատճառով չեմ
մտնում ջուրը. բա որ գետում օձ լինի։ Քեռուս հաջողվեց ինձ համոզել, որ
էդպիսի բան չի լինի։
Մի 2 օր էր, ինչ մտնում էի ջուրը, երրորդ օրն
էրեխեքն օձ տեսան ջրի մեջ ու մի կերպ գետի ափ դուրս բերելով ՝ սատկացրին
այն։ Էդ օրվանից ես էլ էդտեղ լողալու չգնացի։ ։)
Մի խոսքով՝ էդպիսի
շատ ու շատ պատմություններ կան օձերի հետ կապված։ Էդ վախից էլ պրծում
չունեմ։ Ուզում է աշխարհի վախ չափողներն ուզենան «վախս բռնել», մեկ է՝ չի
ստացվելու։ Ավելի լավ է՝ ես օձերից հեռու մնամ, իրենք՝ ինձնից, որ ոչ
վախենանք իրարից, ոչ էլ… ։))
Ի դեպ, մի երկու օր առաջ մեր շենքին շատ
մոտ գտնվող կենդանիների խանութն էր վառվել։ Եղբորս ասելով՝ մոտ մի քսան
շուն էին հասցրել փրկեն, մնացած կենդանիները վառվել են։ Էդ խանութում էլ,
դե բնական է, օձեր էլ էին վաճառում։ Հենց իմացա, անմիջապես հարցրի՝ վայ, բա
օձե՞րը, բա որ վառված չլինեն ու գան մեր մոտ։ Եղբայրս շշմած երեսիս նայեց։
Ինչ ասեմ. վախն ահավոր բան ա։ ։(
No comments:
Post a Comment