Միակ կախվածությունս երևի ինտերնետից է։ Երբ հանկարծ ինտերնետն անջատվում է
(տարին մի կամ երկու անգամ պատահում է), ոնց որ ոտք ու ձեռքս կտրեն։
Նույնիսկ եթե ինտերնետում ոչինչ չունեմ անելու ու կարող եմ հանգիստ մի որևէ
օգտակար բանով զբաղվել, չեմ կարողանում։ Անընդհատ ուշք ու միտքս ինտերնետն
է։ Ֆեյսբուքն էլ հիմնականում պիտի առանձին մի թաբում բաց լինի, երբ
համակագիչս միացված է, ու կապ չունի՝ ես համակարգչի մոտ եմ, թե՞ եսիմ
որտեղ։ Հա՛, ֆեյսբուքից էլ կախվածություն ունեմ։ Պատահում է, որ օրերով ոչ
ոքի հետ չեմ շփվում ֆբ-ի միջոցով, բայց այն անպայման պիտի միացված լինի։
Մեկ էլ նկատել եմ, որ առանց իմ համակարգչի կյանք չունեմ, մի տեսակ կիսատ եմ։ Թվում է, թե ինչ ունեմ-չունեմ, իմ համակարգչի մեջ է։
Վերջերս
գործերով գնացել էի Ըրվայն, լեփթոփս չէի տարել։ Պիտի Անենց տանը մնայի։
Երկար-բարակ մտածելուց հետո, ասի՝ լավ, եթե մի բան պետք լինի, Անի կոմպով
կնայեմ, էլ ինչի՞ էստեղից էնտեղ քաշ տամ տանեմ, մանավանդ որ գնացքով եմ։
Երեկոյան մի քիչ ձանձրացա, խնդրեցի նրա լեփթոփն օգտագործել։ Ինտերնետը
կա՛ր, ֆբ-ն կա՛ր, բայց չէ, մի բան էն չէր։ Ոնց որ մի ամայի կղզում լինեի,
որտեղ ոչինչ չկար անելու։ Սիրտս սկսեց տրաքել էդ զգացողությունից, հաջորդ
օրն ինչքան մարդ ու կին համոզեցին՝ մնամ, պնդեցի, որ չէ, պիտի գնամ։
Անընդհատ հարցնում էին՝ որ գնաս LA, ի՞նչ ես անելու, մնա էստեղ, երեկոյան
մի տեղ կգնանք։ Ո՞նց բացատրեի, որ ես իմ համակարգիչն էի ուզում։ Ոնց որ
կյանքից հետ ընկած լինեի։
Մինչև ամեն անգամ, աչքս բացելուն պես, բոլոր
իմ սիրելի բլոգներով չանցնեմ, առանձին սիրուն ստեղծած տարբեր ֆոլդերներիս
միջի կայքերով չանցնեմ, օրս չի սկսվում։
Հաճախ մտածում եմ՝ լավ, բա որ
գյուղում ինտերնետ չկար, համակարգիչ չունեինք, ի՞նչ էի անում, ի՞նչ
կախվածություն ունեի։ Մտքովս բան չի անցնում։ Հիմնական զբաղմունքս էնտեղ,
դաս ու գործ-մործ անելուց բացի, նկարելն էր, կարդալն ու ասեղնագործելը։
Հա՛, մեկ էլ եփել-թափելը, այսինքն՝ թխելը, որ հաճույքի համար էի անում,
բայց չեմ հիշում, որ երբևէ ձանձրացած լինեմ, կամ առանց որևէ բանի կյանք
չունենամ… չէ։
Հետո մի օր գյուղի առօրյայի մասին կգրեմ, հիմա մի տեսակ անհավես եմ։
No comments:
Post a Comment