Saturday, July 6, 2013

Աշխարհն ինչ փոքր է

Վերջապես երեկ տեղափոխվեցի ու տեղավորվեցի, դասերս էլ էսօր սկսվեցին։  Հոգնեցուցիչ օր էր։ Յոթն  անց էր, նոր վերջացրինք։ Եկա տուն,  լողացա, պառկեցի, մեկ էլ սենեկակիցս (roommate-ին էսպե՞ս են ասում) եկավ։ Ուրեմն երեկ երեկոյան Գոհարի հետ նստած էինք, մեր նոր սենեկակիցը՝ Աննան եկավ տուն։ Գոհարն արդեն ասել էր, որ լավ աղջիկ է և այլն։ Մի խոսքով՝ ծանոթացանք, հոգնած էր, բարձրացավ վերև քնելու՝ նախօրոք ներողություն խնդրելով, որ զարթուցիչը ժամը չորսին զնգալու է։ Ասի՝ ոչինչ, մտքիս մեջ էլ՝ ես ժամը չորսին նոր եմ պառկում քնելու, հաստատ դա ինձ չի խանգարի։ Ի հակառակ մտածածիս, ժամը տասին քունս էնպես սկսեց տանել, որ զարմացա, բայց էլ չէի դիմանում, ես էլ գնացի քնելու։ Հետո հիշեցի, որ նախորդ գիշեր չէի քնել։ Մեր էրեխեքից մի քանիսն ուզում էին նախքան գնալս հանդիպել, մի կերպ ինձ պահել էի, ցերեկն էլ չէի քնել ու էդպես… եկել Նյուպորտ։ Այնուամենայնիվ էլի քնել չկարողացա։ Փողոցով անընդհատ մեքենաներ էին անցնում, անսովոր էր. էլ չեմ ասում տեղս փոխելու մասին։ Հուսով եմ՝ շուտով կհարմարվեմ։
Ուրեմն էսօր որ պառկած էի, սենեկակիցս գործից եկավ։ Հարցրեց՝ ամբողջ օրը դասի՞ էի, ըստ երևույթին ցերեկը տուն էր եկել ու տեսել, որ տանը չեմ։ Մի քիչ զրուցեցինք, մեկ էլ թե՝ Նարինե, մի բան կարո՞ղ եմ հարցնել։
-Հա, արխային հարցրու,- մի տեսակ զարմացա։
-Դու Հոլիվուդի՞ց ես։ Այսինքն՝ էնտե՞ղ ես ապրել։
-Հա։
-Մարշա՞լ ես գնացել։
-Հա, Մարշալ եմ գնացել,- ժպիտ հայտնվեց դեմքիս։
-I knew it,- Աննան ուրախացավ։
-Բայց ես քեզ չեմ հիշում, դու ինձ ո՞նց գիտես,- չդիմացա։
-Իրար հետ դաս ենք ունեցել։ Էսա ասեմ՝ ինչ դաս էր…
-Վայ, սպասի, չասե՛ս,- միանգամից հիշեցի,- psychology!
-Ըհը՜։
-Ամալյայի քույրիկն ես…
-Ըհը՜։
-Լսի, բայց որ չասեիր, հաստատ տեղը չէի բերելու։
-Էրեկ որ քեզ տեսա, ծանոթ թվաց դեմքդ, էսօր սաղ օրը մտածում էի՝ տեսնես որտեղից գիտեմ, վերջը հիշեցի, որ դպրոցից…
-Լավ էլ հիշել ես։ ։))
-Հա, տեսնո՞ւմ ես՝ ինչ փոքր ա աշխարհը։
-Իրոք որ…

Աննան ահագին մեծացել է։ Սպանեին էլ, չէի հասկանա, որ էն պուճուր-մուճուր, աշխույժ Աննան է, չնայած հիմա էլ պակաս աշխույժ չի։ ։)
Յոթ տարի առաջ դպրոցում քրոջ հետ մաթեմի դաս ունեի, Աննայի հետ՝ հոգեբանության։ Մաթեմի դասին հիպերակտիվ էի, հոգեբանության դասին քնում էի։ Էս քույրիկները լրիվ տարբեր Նարինեների էին ճանաչում։ Ոչ էլ կարգին շփվում էինք իրար հետ, հազարից մեկ բարև էինք ասում ու վերջ։ Ո՞վ կպատկերացներ, որ մի օր իրար հետ ենք ապրելու։ Հետաքրքիր է կյանքը, ինչ անակնկալներ ասես, որ չի մատուցի…
Որ իմացա ծանոթ ենք, մի տեսակ ոնց որ հարազատիս գտած լինեի։ ։))

No comments: